Առհասարակ, սահմանափակումները շատ վատ բան են. Ավինյան
«Մենք ունենք անվարկունակ գյուղացիներ, ովքեր չեն կարողանում օգտվել պետության կողմից սուբսիդավորված վարկերից։ Արդյո՞ք քննարկել եք աջակցության այս ձևը փոխելու որևէ մոտեցում»,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։
Պատգամավորը նշեց, որ արտակարգ դրության պայմաններում թույլատրվելու է նաև իրականացնել շինարարական աշխատանքներ, և շատ աշխատողներ ստիպված են լինելու մի համայնքից մյուսը գնալ. «Ինչպե՞ս է կազմակերպվելու նրանց տեղաշարժը»։
Պատասխանելով հարցին՝ Ավինյանը տեղեկացրեց, որ տնտեսվարողներին թույլատրվելու է իրենց աշխատակիցների տեղափոխումը կազմակերպել միկրոավտոբուսներով կամ ավտոբուսներով։
«Ինչ վերաբերում է գյուղատնտեսական աջակցության ծրագրերի վերափոխմանը, կարծում եմ՝ պատեհ կլինի վաղը հնչեցնել հարցը՝ ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում։ Ես չեմ հասցրել ներկա լինել ծրագրերի քննարկմանը, կարծում եմ՝ էկոնոմիկայի նախարարը վաղը Ձեր հարցերին համապարփակ կպատասխանի»,- ասաց Ավինյանը։
Գորգիսյանն էլ խնդրեց պարզաբանել՝ միջմարզային տրանսպոտին է՞լ է ասվածը վերաբերում։
Ավինյանը հստակեցրեց՝ սահմանափակումներ գործում են, բայց դա չի նշանակում, որ միջմարզային ուղևորափոխադրումներ կամ բեռնափոխադրումներ տեղի չեն ունենում։
«Եթե համապատասխան փաստաթղթերը ներկայացվում են, ապա միջմարզային տեղափոխությունը նույնպես հնարավոր է»,- շեշտեց Ավինյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն էլ նշեց, որ մարզաբնակ շատ պացիենտների առողջությունը բացառապես կախված է Երևանից, օրինակ՝ քիմիոթերապիայի համար մարդիկ Մեղրիից չորս հոգանոց ընդհանուր տաքսիով հասել են Երևան։
«Հիմա քաղաքացին քիմիոթերապիայի համար Սիսիանից Երևան հասնելիս մի ուղղության համար պետք է վճարի 15 հազար դրամ։ Ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի լուծումը»,- հարցրեց Գրիգորյանը։
Փոխվարչապետը պատասխանեց, որ բոլոր սահմանափակումներն ունեն բացասական էֆեկտներ, և առհասարակ, դրանք շատ վատ բաներ են.
«Բայց պետք է վերադառնալ նպատակին՝ ինչու են կիրառվում սահմանափակումները։ Մենք բազմաթիվ նմանատիպ հարցեր ենք ստանում և որոշակի տեղային լուծումներ գտնում ենք։ Կխնդրեմ, որ ինձ տաք տվյալներ, եթե ունեք»։
Գրիգորյանն էլ արձագանքեց, որ արդեն իսկ դիմել է կառավարությանը։ «Պարոն վարչապետին դիմել եմ, որպեսզի աջակցեն ընտանիքներին, ովքեր հեմոդիալեզի կարիք ունեցող ընտանիքի անդամ ունեն»,- ասաց Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան