Կարիք կա օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրավվելու. Ավանեսյան
Հայաստանի ԱԺ-ը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգային հարցերը առաջին ընթերցմամբ ընդունումից հետո պետք է երկրորդ ընթերցմամբ ընդունվեն 24 ժամի ընթացքում։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը խորհրդարանին առաջարկել է գումարել արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված է երկու հարց։
Առաջին նախագիծը վերաբերում է Դեղերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելուն։
«Ինչպես գիտեք, ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարմամբ սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, ինչը էական ազդեցություն է ունենում դեղերի մեծածախ վաճառքի լիցենզավորման գործընթացի վրա։ Մեծածախ ընկերությունները հնարավորություն չունեն դիմելու լիցենզավորման գործակալություն և ստանալու լիցենզիա։ Իսկ ապրիլի 15-ին ուժի մեջ կմտնի լիցենզավորման պարտադիր պահանջը, որից հետո տնտեսվարողները խնդիր կունենան»,- ներկայացրեց Ավանեսյանը։
Երկրորդ նախագծով առաջարկվում է փոփոխություն մտցնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում։
«Այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանգամանքով, որ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների մեծացման հետևանքով, բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար իրենց լիզենզիայով չպայմանավորված բժշկական սպասարկում իրականացնող ԲԿ-ների կարողությունների օգտագործման անհրաժեշտություն է առաջացել։ Կարիք կա նաև այլ բուժաշխատողներին՝ այդ թվում օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրավվելու։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված անձանց սպասարկելու համար լրացուցիչ մահճակալային ֆոնդ սահմանել և լրացուցիչ մասնագետների ներգրավվել»,- տեղեկացրեց Ավանեսյանը։