Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակում է. Լևոն Բաղդասարյան
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Գրիգորյանի ինքնազգացողությունը երեկ՝ ապրիլի 12-ին կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճակում է։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երեկ՝ ապրիլի 12-ին Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, հիվանդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տևական բուժումն ընդամենը կոնսերվացրեց հիվանդությունները, իսկ վերջին բժշկական էպիկրիզներով բացահայտվեց հիվանդությունների վատթարացումն ու բացասական դինամիկան:
Ըստ ճանաչված բժիշկ, պրոֆեսոր Ն.Ավետյանի մասնագիտական կարծիքի՝ Հայաստանում արդեն իսկ կատարվել են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ անհրաժեշտ և բավարար բուժումներ Հայաստանում գտնվող լավագույն բուժհաստատություններում, սակայն հիվանդի վիճակն ավելի է վատթարացել, որը տեղի է ունեցել ոչ թե բժիշկների անգործության կամ անհետևողականության պատճառով, այլ նրանով, որ Հայաստանում բացակայում են տվյալ համալիր հիվանդություններով պայմանավորված անհրաժեշտ դեղամիջոցներն ու սարքավորումները: Նման պայմաններում հեղինակավոր բժիշկը գտել է, որ հիվանդը կմահանա:
Ավելին, թեև աշխարհում, այս թվում նաև Ֆրանսիայում, մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը, սակայն Ֆրանսիայի այն հիվանդանոցը, որտեղ ժամանակին բուժվել և վիրահատվել է Մանվել Գրիգորյանը, ծանոթանալով նրա հիվանդության պատմությանը, գրություն ուղարկեց, որ անհապաղ հիվանդին պետք է ուղարկել իրենց կլինիկա:
Ի՞նչ արեց առողջապահության նախարարը, նախարարն ասում է, քանի որ գործը դատարանում է, ես ոչ մի որոշում չեմ տա, դիմեք դատարան: Ի՞նչ է ասում դատարանը, ասում է դատարանն առողջապահության հարցերով չի զբաղվում, դատարանը նախարարությանը գրություն չի տա:
Մ.Գրիգորյանի ինքնազգացողության կտրուկ վատթարացման հետևանքների ողջ պատասխանատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է»։
Panorama.am-ի հետ զրույցում Բաղդասարյանը նաև ավելացրեց, քանի որ Մանվել Գրիգորյանին հակացուցված է տեղաշարժելը,վերակենդանացման սարքավորումներով այժմ գտնվում է տանը:
«Բժիշկների կողմից քսանչորսժամյա հսկողության տակ է,նրան ցավազրկող դեղերով պահում են: Կարող եմ միայն ավելացնել, որ նրա նկատմամբ տեղի է ունենում տոտալ խոշտանգում»,- հավելեց փաստաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա