Կորոնավիրուսի առումով ռիսկային գոտում է ՀՀ բնակչության 12%-ը. Ավինյան
«Արտակարգ դրության ռեժմի վերաբերյալ որոշումը երկարաձգվում է, քանի որ չեն վերացել այն հիմնական պատճառները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրության հայտարարման համար»,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով երկրում արտակարգ դրության ժամկետը մինչև մայիսի 14-ը երկարաձգելու կառավարության որոշմանը։
Նա նշեց, որ կորոնավիրուսի համավարակը վերածվել է հումանիտար ճգնաժամի և ազդում է հասարակության բոլոր ոլորտների վրա. «Վարակի հետևանքով մի շարք երկրներում առաջացած աղետալի հետևանքները ցույց են տալիս, որ որևէ պետություն և հասարակություն պատրաստ չէր նման սրընթաց զարգացումների։ Այսօր արդեն պարզ է, որ առաջիկայում աշխարհը տարբեր է լինելու սոցիալ-մշակութային, տնտեսական և քաղաքական համատեքստում»,- ներկայացրեց պարետը։
Նրա խոսքով, այժմ կա գերնպատակ՝ ճգնաժամն արդյունավետ կառավարելու և նախապատրաստվելու հետկորոնավիրուսային աշխարհին. «Պետք է ստեղծվի համակեցության այնպիսի միջավայր, որ հնարավոր լինի համադրել համավարակի կանխումն ու բնականոն կյանքի պայմանները»։
Տիգրան Ավինյանը հարկ համարեց խոսել մի քանի ելակետային տվյալների մասին։
Ըստ նրա, շատ կարևոր է՝ ինչպիսին է ժողովրդագրական պատկերը։ Նրա փոխանցմամբ, կորոնավիրուսի առումով ռիսկային գոտում է ՀՀ բնակչության 12%-ը (353 հազար հոգուց ավելի)։
Քրոնիկ հիվանդությունների առումով, Ավինյանը նշեց, որ երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող անձանց թիվը ՀՀ-ում 77418 է, սրտի իշեմիկ հիվանդություն ունի 71025 քաղաքացի, հիպերտենզիա՝ 145408 քաղաքացի, ընդ որում, սրանք միայն գրանված դեպքերն են։
«Ամենառիսկային գոտում գտնվում են մի քանի քրոնիկ հիվանդություն ունեցող բարձր տարիքային խմբի քաղաքացիները»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ զբաղված բնակչության մեջ 60 տարեկանից բարձր անձինք կազմում են 137 հազար մարդ։
Տիգրան Ավինյանը նշեց նաև, որ վարակի տարածման արագությունը Հայաստանում 2.4 է, այսինքն՝ մեկ մարդը միջինում 2.4 հոգու պետք է վարակեր. «Պոտենցիալ վարակակիրների թիվն իր բարձրակետին է հասել առաջին դեպքի արձանագրումից հետո 75-80 օր հետո։ Եթե այս տեմպը լիներ, և ոչ մի սահմանափակող աշխատանք չտարվեր, Երևան քաղաքում վարակված կլիներ 110 հազար մարդ»։
Ավինյանն ասաց, որ այս փուլում տեղորոշման գործիքակազմն ավելի ինտենսիվ է լինելու, գործելու են խիստ սահմանափակումներ, ինչպես նաև աճել են թեստավորման ծավալները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան