Մենք էլ բանվորություն կանենք, կգնանք գյուղացու հետ կաշխատենք. Սերգեյ Բագրատյան
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց հանրապետության պարետ Տիգրան Ավինյանին.
«Մենք որպես երկիր, որն առաջնահերթություն է հայտարարել գյուղատնտեսությունը, արդյո՞ք ճիշտ քաղաքականություն ենք վարում: Այսօր միայն գյուղատնտեսությունն ունի ցածր ռիսկային հնարավորություն աշխատելու համար: Ինչո՞ւ մենք չենք գնում ավելի հստակ և համարձակ քայլերի: Օրինակ, մարզպետները թող չօգտագործվող հողային տարածքների մասին տեղեկատվություն տան, թե ինչ հողակտորներ կան, որի վրա կոնկրետ այս գործը կարելի է անել: Ինչու այդ գումարը չտալ կոնկրետ մարզպետին և մենք էլ պատգամավորներով կցվենք մարզպետներին և գնանք գիշեր-ցերեկ ցանելու, հնձելու: Բոլորս այսօր կպնենք այդ գործին, այս անվնաս արտադրությունը, որ սեպտեմբերից կարող ենք արդյունք ունենալ, այսօրվանից սկսենք»։
Տիգրան Ավինյանը տեղեկացնելով, որ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որի վրա որևէ կետում սահմանափակում չի կիրառվել՝ պատասխան հարց ուղղեց պատգամավորին. «Պարոն Բագրատյան, եթե մի փոքր ավելի կոնկրետ լինի առաջարկը և ավելի հստակ մենք կարողանանք հասկանալ, թե ի՞նչ ծրագիր է առաջարկվում, ո՞ր խնդիրները լուծելու համար, ես կարծում եմ, որ այն քննարկելի է և պատգամավորների ներգրավվածությունը շատ ողջունելի է»:
Սերգեյ Բագրատյանը պարզաբանեց. «Ես օրինակով ասեմ: Դարեր շարունակ Սյունիքի մարզի Սիսիանի տարածքը համարել ենք ցորենի շտեմարան, Գեղարքունիքում՝ կարտոֆիլագործությունն է միշտ պապենական զարգացած եղել: Հիմա մենք բոլորս գիտենք, որ այս ընթացքում մշակվող հողատարածքները կրճատվել են: Պայմանական եմ ասում, Սյունիքի մարզպետը, օրինակ, ասում է, որ 10000 հեկտար կարող է հատկացնել հացահատիկային կուլտուրաների մշակման համար: Ձեր շտաբը, որպես օպերատիվ ռեժիմով աշխատող կառույց, արագ ներկայացնում է, թե ինչ գումարներ են նախատեսվում, սերմացու, պարարտանյութ, բանվորական ուժ, որպեսզի աշխատանքներն արագ սկսվեն: Մենք էլ բանվորություն կանենք, կգնանք գյուղացու հետ կաշխատենք: Այսինքն՝ կոնկրետացնենք մեր անելիքը, մարզ առ մարզ և մեր պարենային անվտանգության խնդիրը լուծենք մեր ուժերի սահմաններում»:
Տիգրան Ավինյանն ասաց՝ իրեն կողքից հուշում են, որ նման գործողություն կատարվում է, և դրանց պատգամավորը կարող է ծանոթանալ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին