Ազգային գրադարանային շաբաթ` նվիրված Աննը Ֆրանկին
Հայկական գրադարանային ասոցիացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում կազմակերպում են առցանց միջոցառումներ՝ նվիրված 20-րդ դարի ամենաազդեցիկ գրքերից մեկի հեղինակին՝ Աննը Ֆրանկին։ Այս մասին հայտնում են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լրատվական բաժնից։
Ընդամենը տասնհինգ տարեկան աղջնակը կյանքի երկու տարին ստիպված է եղել անցկացնել մեկուսացման մեջ՝ պատսպարվելով նացիստական արհավիրքից։ Դժվար այդ տարիներին Աննը չի կորցրել ոգու տոկունությունը, զբաղվել է ինքնակրթությամբ, կարդացել ու գրել՝ վարելով օրագիր, որը իրենից հետո հրապարակվել է, թարգմանվել վաթսունից ավելի լեզուներով ու տարածվել տասնյակ միլիոնավոր օրինակներով՝ անմահացնելով «Աննը Ֆրանկ» անունը պատմության մեջ։
Աննը Ֆրանկի օրագիրը հայերեն առաջին անգամ թարգմանվել է 1962 թ․։ 2019 թ-ի հունիսի 12-ին՝ Աննի 90-րդ տարեդարձին, լույս է տեսել բնագրից՝ հոլանդերենից, առավել համապարփակ թարգմանությամբ հրատարակությունը, որը կրում է «Հետնատունը» անունը (այսպես էր Աննը կոչել իրենց թաքստոցը և նույն կերպ վերնագրել օրագիրը)։ Գրքի թարգմանիչը հոլանդուհի Աննա Մարիա Մատտաարն է։
2019-2020 թթ․ Հայաստանի բազում գրադարաններում այս առթիվ անց են կացվել թեմատիկ շաբաթներ՝ նվիրված Աննը Ֆրանկին ու նրա «Հետնատունը» գրքին։ Աննը Ֆրանկին է նվիրվում նաև 2020 թ․ ապրիլի 13-20-ը անց կացվող Ազգային գրադարանային շաբաթը։
Չնայած արտակարգ իրավիճակին՝ կազմակերպիչների կողմից որոշվել է չհետաձգել ծրագրով նախատեսված միջոցառումները, այլ իրականացնել դրանք առցանց ձևաչափով, քանի որ խնդիրները, որ արծարծվում են խիստ զգացմունքային այս գրքում, ցավոք, արդիական են այսօրվա համատեքստում։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների դեսպանության ֆինանսական աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա