Ինչպես ապրեն չգրանցված, օրավարձով աշխատող մարդիկ. Զոհրաբյան
«Արտակարգ դրության ընթացքում թիրախային խմբում են նաև օրավարձով աշխատողները։ Նրանց խնդիրը ինչ-որ լուծում ստանալո՞ւ է»,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։
Պատգամավորը նշեց, որ իրենց խմբակցությունը չգրանցված օրավարձով աշխատողների խնդրի վերաբերյալ կառավարությանը առաջարկ էր ներկայացրել.
«Նաև տնտեսական գործունեության որոշակի տեսակի թույլտվություն տրվեց և նշվեց՝ գործատուները իրենք պետք է ապահովեն աշխատողների տեղաշարժը, ես ստանում եմ տասնյակ ահազանգեր, որ տասնյակ գործատուներ ուղղակի հրաժարվում են դա անել։ Այսինքն՝ այդ գործատուներին բացատրվելո՞ւ է, որ միջին աշխատավարձ ստացող մարդը չի կարող տաքսիով աշխատանքի հասնել»։
Պատասխանելով հարցին, Ավինյանը հայտնեց, որ սոցիալական թիրախային խմբերին աջակցություն ևս տրամադրվում է։
«Օրինակ իններորդ միջոցառմամբ մեզ մոտ նախատեսվում է երեխաներին աջակցություն, և այն վերաբերում է չգրանցված աշխատողների երեխաներին, իսկ 11-րդ միջոցառմամբ մենք 50%-ի չափով փոխհատուցելու ենք մինչև 10 հազար դրամ գազի սպառման ծավալներ ունեցող և մինչև 5000 դրամ էներգիայի սպառման ծավալներ ունեցող անձանց ծախսը։ Մեր հաշվարկներով 220 հազար բաժանորդ կստանա այս աջակցությունը»,- ասաց Ավինյանը։
Ավինյանը շեշտեց, որ հիմա շահում են այն քաղաքացիները, ովքեր գրանցված աշխատողներ են, ովքեր պատշաճ իրականացրել են իրենց հարկային պարտավորությունները։
Նաիրա Զոհրաբյանն էլ արձագանքեց, որ շատ դեպքերում աշխատողների մեղքով չէ, որ իրենք գրանցված չեն, բայց հիմա ֆորս-մաժորային իրավիճակ է, երբ չգրանցված աշխատողը տան միակ կերակրողն է, էդ մարդիկ սոված են, ուղղակի սոված. «Հիմա կարո՞ղ ենք սպասել, որ չգրանցված օրավարձով աշխատողների համար ծրագիր կմշակվի»։
Ավինյանն էլ շեշտեց, որ առանձին թիրախային խմբերի համար սոցիալական ծրագրեր են նախատեսվել, որոնցից նրանք հնարավորություն ունեն օգտվելու։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան