Պետնախարար. Արցախում ընտրություններ անցկացնելը որևէ մեկի ցանկությամբ չի
«Արցախում այս պահի դրությամբ իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է»,- իր քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետնախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ ունեն կորոնավիրուսի վարակի 3 աղբյուր, որոնցից 2-ն ամբողջությամբ վերահսկելի ու սահմանափակված է, մյուսի վրա դեռ շարունակում են աշխատել, որովհետև թե վարակակիր անձի ընտանիքի անդամների շփումների առումով, թե, ընդհանրապես, մի քիչ ավելի խոշոր բնակավայրեր լինելու առումով, վիճակը մի քիչ ավելի խնդրահարույց է, բայց շարունակում են աշխատել։
Հարցին՝ չափազանց ռիսկային չէ՞ր այս պայմաններում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելը՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսով առաջին վարակակիրը ընտրություններին մասնակցել էր, Գ. Մարտիրոսյանը պատասխանեց. «Այո, առաջին վարակակիրը մասնակցել է ընտրություններին, բայց, մեր տեղեկությունների համաձայն, այդ անձը եղել է դիմակով և ձեռնոցով: Այս պահի դրությամբ մենք Միրիկ համայնքում միայն մեկ այլ դեպք ունեցանք, որն էլ այդ անձի ընտանիքի անդամ է»։
Նա նշեց, որ ընտրություններին, ընդհանուր առմամբ, պահպանված են բոլոր պայմանները։
«Արցախում ընտրություններ անցկացնելը որևէ մեկի ցանկությամբ չի, այլ Սահմանադրության պահանջ է, երկրի իշխանությունները, երկրի նախագահը տվյալ դեպքում իրավասու չէր հետաձգել ընտրությունները կամ կիրառել այլ ռեժիմ, բացի նրանից, որը հիմա մտցված է», - ասաց նա:
Պատասխանելով իր հետագա գործունեության հետ կապված հարցին, մասնավորապես հանդիպե՞լ է նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ, արդյոք հետագայում կշարունակի գործադիրում աշխատանքը, Գ.Մարտիրոսյանն ասաց. «Չեմ հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ, չեմ կարող հիմա կանխավ հայտարարություններ անել։ Իմ բոլոր ուժերը, իմ գիտելիքները, փորձը պետք է ծառայեցնեմ մեր երկրի զարգացմանը, դա պետական, մասնավոր, թե մանկավարժական աշխատանքում կլինի, դեռևս չեմ կարող ասել»։
Հիշեցնենք, որ Արցախում նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հայտարարված է արտակարգ իրավիճակ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախ. Ընտրողներն առավել ակտիվ են Հադրությում և Ասկերանում
- Արցախում կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու վիճակը միջին ծանրության է
- Արցախում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 637
- Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում
- Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
- Խորհրդակցություն Արցախում՝ նվիրված նոր կորոնավիրուսի դեմ պայքարին
- Արցախում գրանցվել են կորոնավիրուսի նոր դեպքեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան