Վախճանվել է Բանգլադեշի հայկական եկեղեցին պահող վերջին հայը
Բանգլադեշի Դաքքա քաղաքի հին հատվածի Արմանիթոլա շրջանում գտնվող հայոց հնագույն եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Հարության հայ առաքելական եկեղեցին վերջին տասնամյակներին պահող միակ հայը՝ Միքայել Հովսեփ Մարտիրոսյանը (Մայքլ Ճոզեֆ Մարթին) հեռացել է կյանքից: Այս մասին գրում է Արևելքը։
Մահվան լուրը հաղորդել է ընտանիքը, նշելով, որ Դաքքայի մեջ արդեն հայ չկար, եկեղեցին վաղուց վանահայր չուներ և Միքայել Հովսեփ Մարտիրոսյանը Դաքքայում ապրող միակ հայն էր, որ պահում էր եկեղեցին:
Միքայել Հովսեփ Մարտիրոսյանը ծնվել էր 1930թ․-ին և Դաքքա էր տեղափոխվել 1942թ․-ին։1980-ականներից նա խնամում էր եկեղեցին ու նրա հարևանությամբ գտնվող գերեզմանատունը, ուր թաղված են մոտ 400 հայեր։
Հայկական եկեղեցուն մատուցած իր ծառայության համար Միքայել Հովսեփ Մարտիրոսյանը Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից շքանշան էր ստացել։
Նա մահացել է Կանադայում, ուր տեղափոխվել էր տարիքի և հիվանդության պատճառով՝ զավակներին մոտ լինելու համար։
Դաքքայի Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է 1781 թվականին Արմանիտոլա շրջանի հայկական փողոցում, գերեզմանատանը կից գտնվող փայտե ժամատան տեղում։ Այն օծել է Եփրեմ եպիսկոպոսը, որ հետագայում դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցի։ Հայերն այստեղ են եկել 17-18 -րդ դարերում և հիմնականում զբաղվել են առևտրով։ Շնորհիվ առևտրի ոլորտում հայերի հաջողությունների, որոնք բարելավում էին պետության տնտեսական վիճակը, Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար Ագբար I Մեծը հայերին թույլ է տվել ազատորեն դավանել իրենց կրոնին։ Տաճարի կառուցման համար գումար է հավաքել Բենգալիայի ամբողջ հայկական համայնքը։ Եկեղեցին կառուցվել է Դաքքայի աժխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում:
Բանգլադեշի կառավարությունը եկեղեցին ներառել է երկրի ճարտարապետական հուշարձանների ցանկում։