Էդ մեզ սպառնո՞ւմ եք. Միրզոյանը՝ Մարուքյանին
«Ես ինչ-որ տեղ ուրախ եմ, որ մեր գործընկերներն ուզում են մերժել այս նախագիծը»,- խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։
Նա տեղեկացրեց, որ 2004-2012 թվականն ինքը եղել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և կալանավորված անձանց պահելու վայրերում դիտորդական խմբի անդամ։
«2008 թվականի մարտի մեկի դեպքերից հետո Հայաստանի ՔԿՀ-ներում՝ այդ թվում ԱԱԾ մեկուսարանում հայտնվեցին մեր այսօրվա գործընկերներից շատերը։ Եվ մեր դիտորդական խումբն այդ նույն նորմով այցելում էր բանտերում գտնվող քաղաքական գործիչներին և պատգամավորներին, ում նկատմամբ քննիչները կայացրել էին տեսակցության արգելքի որոշում»,- տեղեկացրեց Մարուքյանը։
Մարուքյանը տեղեկացրեց, որ 2010 թվականից հետո, երբ ինքն ու Նիկոլ Փաշինյանը գնացել էին Ժիրայր Սեֆիլյանին այցելելու, տեսակցության արգելք է եղել։
«Դրանից հետո Փաշինյանը բերեց նախագիծ, որ պատգամավորներն իրավունք ունենան ՔԿՀ-ներ այցելելու։ քանի Ես ինքս Նիկոլին ասացի, որ էս դրույթը կիրառվել է, ինքն էլ ասաց՝ չէ, բեր հստակեցման համար բերենք, ընդունվի, բայց բերեցինք ու մերժվեց։ Հիմա բերել ենք, էլի մերժվում է։ Կալանավորներին տեսակցելու մասին չի խոսքը, պատգամավորը տեսակցող չի, բայց դուք տոտալ սխալ եք մեկնաբանում ամեն ինչը»,- շեշտեց Մարուքյանը։
Նա ասաց, որ պատգամավորը՝ որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչ, մտնում է ՔԿՀ-ներ՝ ծանոթանալու պահման պայմաններին, խոնավությանը, օդին, լուսավորությանը, տեսնում է՝ կալանավորն ինչ վիճակում է իր խցի մեջ, ոչ թե առանձին հրավիրում են իրեն այդտեղ։
«Այս բոլոր իրավունքները մինչև 2010 թվականը ունեցել ենք, հարց տվեք ինձ՝ ինչու հիմա չունենք, որովհետև հիմա դուք մեկնաբանում եք էնպես, ինչպես Հրայր Թովմասյանը։ Սիրելի գործընկերներկ, էն ժամանակ էլ ես և Փաշինյանը ՀՀԿ-ականներին ասում էինք՝ վաղը մյուս օր իշխանափոխություն կլինի, քրեական գործեր կլինեն, ձեզ կնստացնեն, դուք կարիք կունենաք, որ ձեզ այցելենք, ասում էին՝ դա չի լինի։ Հիմա սա իմ մոտ դեժավյու է առաջացնում։ Վաղը մյուս օրը էլի քրեական գործեր են լինելու, էդ քրեական գործերով մարդիկ են լինելու ՔԿՀ-ներում։ Հնարավորություն տվեք, որ գանք ձեզ տեսակցելու, այ ձեր ցավը տանեմ, այ ձեր գլխին ղուրբան։ Հիմա, որ էսքանը չեք ընդունում, ի՞նչ անենք»,- հարցրեց Մարուքյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց՝ էդ մեզ սպառնո՞ւմ եք։