Առաջարկվում է բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի դարձնել
«Առաջարկում ենք բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի դարձնել իրավապահ մարմինների, ՏՄՊՊՀ-ի և ՊԵԿ-ի համար»,- խորհրդարանում ասաց արդարադառության նախարարի առաջին տեղական Ռաֆիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով «Արժեթղթերի շուկայի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Նրա խոսքով, բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի մասին ինֆորմացիան այժմ հնարավոր է ստանալ քրեական գործերի շրջանակներում՝ կասկածյալի կամ մեղադրյալի մասով, միայն դատարանի որոշմամբ։
«Դեռևս 2001 թվականից ՍՊԸ-ների բաժնեմասերի սեփականատերերի մասին ինֆորմացիան բաց էր, իսկ 2013-ից դրան ուղիղ հասանելիություն ունեն նաև պետական մարմիները։ Այս տարիների ընթացքում բազմիցս փորձ է կատարվել բացել նաև բաժնետերերի մասին ինֆորմացիան, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ նախաձեռնությունները սառեցվել են»,- տեղեկացրեց Գրիգորյանը։
Նրա խոսքով, բաժնետոմսերի մասին ինֆորմացիան իրավապահ մարմիններին անհրաժեշտ է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննություն իրականացնելու համար։ Գրիգորյանը տեղեկացրեց, որ հարկային մարմինների համար ևս կարևոր է բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան, քանի որ «Հարկային օրենսգրքով» նախատեսված է փոխկապակցված անձ եզրույթը, որի չափանիշներից մեկն էլ նույն սուբյեկտի կողմից որոշակի չափաբաժիններով երկու ընկերություններում բաժնետոմսերի սեփականատեր հանդիսանալը։ Եվ դրանով էլ որոշվում է հարկման շեմը։
«ՏՄՊՊՀ-ի համար այս ինֆորմացիայի հասանելի լինելը կարևորվում է, քանի որ ըստ օրենքի մարդկանց խումբ հասկացություն գոյություն ունի, որով էլի չափորոշիչներից մեկը նույն անձի կողմից երկու ընկերություններում բաժնետոմսեր ունենալն է՝ այդ օրենքով 50% և ավելի։ Անձանց խումբը որոշելը մի շարք դեպքերում կարևոր է ՏՄՊՊՀ գործառույթներն իրականացնելիս»,- շեշտեց Գրիգորյանը։
Ներկայացված նախագծով առաջարկվում է վերոնշյալ մարմիններին հասանելիություն տալ ընկերությունների բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային, ինչպես նաև արժեթղթերի հաշիվների վերաբերյալ տվյալներին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, եթե մեկ անձը նույն շուկայի 2-3 ընկերություններում 50%-ից ավելի բաժնետոմս ունի, դուրս է գալիս, որ այդտեղ մրցակցություն չկա, արդյո՞ք դա բացահայտելու համար է նախագիծը։
Պատասխանելով հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ տնտեսական մրցակցության ապահովման մաիսն օրենքով նախատեսված են կարգավորումներ, որոնք անձանց խմբերին են վերաբերում․ «Եթե այս ինֆորմացիան հասանելի չլինի, ՏՄՊՊՀ-ն չի իմանա՝ անձանց խմբի հետ գործ ունի, թե ոչ»։