Լուկաշենկո. Նման կտրուկ փոփոխության պայմաններում գազի գինը պետք է ավելի հարմարվողական լինի
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է էներգետիկայի և էներգառեսուրսների բնագավառում չլուծված խնդիրների առկայության մասին։ Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի նախագահի պաշտոնական կայքից։
«Կցանկանայի ուշադրություն հրավիրել, որ մենք ճգնաժամի մեջ ենք մտել տնտեսության կայուն աշխատանքի համար հենակետային չլուծված հարցով: Դա էներգետիկան է, ռեսուրսների գները և դրանց համար հաշվարկները: Իհարկե, մենք չէինք սպասում, որ նման իրավիճակ կստեղծվի: Սակայն, այդուհանդերձ, փաստն ակնհայտ է: Նման ոչ ճկունությունը բասացաբար է ազդում ավելացված արժեքի ձևավորման ողջ շղթայի վրա: Այսինքն վնասում է միության գործունեության կայունությանը»,- հայտարարել է պետության ղեկավարը:
Նա ասել է, որ քանի դեռ կողմերը չեն որոշել ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկաների հարցը, պետք է պայմանավորվել այն մասին, թե ինչպես վարվել ձևավորվող իրավիճակում:
«Առաջին հերթին դա առնչվում է բնական գազի գնին ու հաշվարկներին: Ակնհայտ է, որ տնտեսական կոնյուկտուրայի նման կտրուկ փոփոխության պայմաններում գինը պետք է ավելի հարմարվողական լինի, իսկ հաշվարկների մեխանիզմը՝ սպառողների համար քաջալերող»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա այդ հատվածում դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով որքան հնարավոր է օպերատիվ ուսումնասիրել այդ հարցը:
Նշենք, որ նիստին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Պահանջվում է ջանքերի կոորդինացում և միջոցառումների համախմբում
- ԵԱՏՄ երկրները 14 օրվա ընթացքում պետք է լուծումներ գտնեն գազի գնի, սակագնի և շրջանառության մասով
- Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը
- Ավինյան. Նավթի ու գազի գների տատանումները գազի գնի վերանայման հիմք են տալիս
- Փոխվարչապետ. Պետք է մտածել, որ գազի գնի բանաձևային տարբերակը ավելի մատչելի է