Գրիգորի Մարտիրոսյան. Քննարկում ենք Արցախում ազատ տեղաշարժի սահմանափակումների հարցը
«Թեստավորման հետ կապված հարցերը լուծվում են, այս հարցում Հայաստանի մեր գործընկերները մեծ աջակցություն են ցուցաբերում»,- Արցախում նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակը վերահսկելի պահելու համար:
«Ինքնանպատակ չի Արցախում թեստավորում իրականացնելը: Մենք այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ կատարում ենք, ինչ-որ փուլում այդ հնարավորությունը կստեղծվի, բայց որևէ խոչընդոտ կամ վնաս, որ թեստերը ուղարկում ենք Հայաստան և ստանում պատասխան, որևէ խնդիր այդ առումով չունենք՝ ոչ ժամկետների, ոչ քանակի առումով»,-ասաց նա:
Հարցին, թե Արցախում կա՞ն արագ թեստեր, պետնախարարը նշեց. «Արագ թեստեր մենք ունենք, բայց դուք գիտեք, որ դրանց վստահելիության, ճշգրտության հետ կապված որոշակի խնդիրներ կան: ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս 100 տոկոսով ընդունել դրա արդյունքները»:
Պատասխանելով հարցին, թե երեկ ԱՀ պարետի հրապարակած որոշումներում ազատ տեղաշարժի սահմանափակումներ չկային, պետնախարարն ասաց. «Մենք քննարկում ենք այդ հարցը։ Հավանաբար, սկզբից կկիրառվի առանձին տարածքների համար սահմանափակման որոշումներ, անհրաժեշտության դեպքում այն կտարածվի ամբողջ Արցախի վրա»:
Հարցին՝ Արցախում վարկային արձակուրդների հնարավորություն կա՞, պետնախարարն ասաց. «Արցախի և Հայաստանի ֆինանսական համակարգերը մեկ ամբողջական համակարգի մաս են կազմում։ Այսինքն Արցախում գործում են Հայաստանի բանկերի մասնաճյուղերը և դրանք առաջնորդվում են Կենտրոնական բանկի ընդհանուր կանոններով: Այդ առումով մենք մեկ դաշտում ենք գտնվում:
Երկրորդ, պետական վարկավորման կառույցների միջոցով, այսինքն, օրինակ Արցախի ներդրումային հիմնադրամի, Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի կողմից վարկավորման դեպքում մենք այդ որոշումն արդեն ընդունել ենք և հնարավորություն ենք ստեղծել մեր տնտեսվարող սուբյեկտներին վարկային արձակուրդից օգտվելու համար»։
Ինչ վերաբերում է հակաճգնաժամային ծրագերին, Գ.Մարտիրոսյանն ասաց. «Մենք աշխատում ենք հակաճգնաժամային վնասները չեզոքացնելու կամ նվազեցնելու ուղղությամբ: Այս պահի դրությամբ արդեն երևի ստորագրվել են նախագահի կողմից սոցիալական բնույթի վնասները չեզոքացնելու միջոցառումները: Դրանք նախատեսում են գրեթե այն միջոցառումները, որոնք Հայաստանում են կիրառվում: Օրինակ, հղի կանանց միանվագ նպաստ, որոնց ամուսիններն աշխատանքը կորցրել են և այլն:
Նաև մեր կողմից արդեն շրջանառության մեջ է դրված գյուղատնտեսության ոլորտի թվով 6 միջոցառումներ, որոնք ուղղված են և տնտեսական վնասների վերականգնմանը, և պարենային ապահովության աստիճանի բարձրացմանը, հատկապես այս գարնանացանի ժամանակահատվածում: 1-2 օրվա ընթացքում երևի այդ որոշումները կստորագրվեն և կհրապարակվեն»։
Պետնախարարն ասաց, որ ավարտվել է առաջին եռամսյակը, հիմա վերլուծում են այդ տվյալները, որպեսզի ավելի հասցեական ու նպատակային ծրագրեր կիրառեն:
«Հնարավոր կորուստները հիմա դժվար է գնահատել թվային առումով, որովհետև գործընթացը շարունակվում է և ամեն ինչ կախված է ճգնաժամի տևողությունից ու խորությունից: Կարծում եմ՝ հիմա վաղ է նման գնահատականներ տալու համար»,- ասաց պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Արցախում կորոնավիրուսով վարակման հաստատված վեց դեպք կա։ Արցախում հայտարարված է արտակարգ իրավիճակ։
Հարակից հրապարակումներ`
- Պետնախարար. Արցախում ընտրություններ անցկացնելը որևէ մեկի ցանկությամբ չի
- Արցախում կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու վիճակը միջին ծանրության է
- Արցախ. Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության մեկնարկը տրված է
- Արցախում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 637
- Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում
- Արցախ. 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս
- Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան