Թուրքիայում քրական պատիժները մեղմացնող օրենք է ընդունվել
Թուրքիայի խորհրդարանում հաստատվել է քրեակատարողական հիմնարկներում գտնվողներին վերաբերող փոփոխություններ նախատեսող նոր օրենքը։ Այն բանտերից դուրս գալու հնարավորություն է ստեղծում շուրջ 90․000 բանտարկյալի համար։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ըստ օրենքի՝ պայմանական ազատության ժամկետը հասցվել է 3 տարվա։ Նախատեսվում է նաև կիսով չափ նվազեցնել պատժաչափերը։
Բաց տիպի բանտերում գտնվողները մինչև մայիսի 31-ը իրենց պատիժը կկրեն տանը։ Տնային կալանքի ձևով իրենց պատիժները կկրեն նաև 65-ից բարձր տարիքային խմբին պատկանող կամ հատուկ խնամքի կարիք ունեցող անձինք, նաև՝ մինչև 6 տարեկան երեխաներ ունեցողները։
Օրենքը չի տարածվի այն բանտարկյալների վրա, ովքեր դատապարտվել են ահաբեկչության, սեռական բնույթի հանցագործությունների, կանանց դեմ բռնության, ինչպես նաև՝ թմրանյութերի արտադրության և շրջանառության համար։
Մյուս կողմից՝ պատժի էլ ավելի խստացում է նախատեսվել այն բանտարկյալների համար, ովքեր դատապարտվել են շահույթ ստանալու նպատակով հանցավոր խմբավորում ստեղծելու կամ վաշխառության համար։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում դժգոհություն է հայտնել նոր օրենքի ընդունման առթիվ։ Նա հրապարակել է պատգամավորների խմբային լուսանկարն ու գրել․ «Չմոռանաք այս մարդկանց, ովքեր հավանություն են տվել մի օրենքի, որով քաղաքական գործիչները, լրագրողներն ու «թվիթ» գրողները դատապարտվում են բանտերում մեռնելու»։ Կարոն հավելել է, որ այդ օրենքն ընդունողները ավելի ուշ հերքելու են իրենց մեղքը՝ հայտարարելով, թե օրենքը նախագահական պալատից էր պարտադրված։