Նավթի արդյունահանման ծավալները կրճատելու որոշման հնարավոր հետևանքները
ԱՄՆ-ի նախագահը երկուշաբթի օրը թվիրթերյան իր էջում գրել է, թե Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) և նավթարդարդույնահանող մի շարք այլ երկրների միջև շաբաթավերջին կնքված պատմական գործարքը շատ ավելի կարևոր է, քան շատերը պատկերացնում են: Ըստ նույն գրառման, նավթի արտահանման ծավալները ամեն օրվա կտրվածքով կկրճատվեն 10 միլիոն տակառի չափով: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Կնքված գործարքն այսպիսով ավարտին է հասցնում նավթի գների շուրջ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միջև մեկ ամիս տևած հակասությունները: Նավթի մեծ ծավալներով արդյունահանումը դարձել էր համաշխարհային շուկայում նավթի գների նկատելի անկման պատճառ, երբ կորոնավիրուսի պատճառով նվազել է նավթի պահանջարկը:
Անմշակ նավթի ծավալներն ավելի քան 10 տոկոսով կրճատելու մասին գործարքը թվում է, որ շուտով կմտնի ուժի մեջ, քանի որ կրճատելու մասին հայտարությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ-ը:
Մեծ քսանյակի նավթի արդյունաբերության նախարարներն ուրբաթ օրն էին վերջնական տեսքի բերել համաձայնագրի տեքստը: Ինչպես ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Դեն Բրուլեթն է ասել, «Ներկա ժամանակը պահանջում է, որ բոլոր պետությունները լրջորեն քննարկեն այն հարցը, թե ինչ կարող են իրենք անել, ճշտելու համար արտադրություն-պահանջարկ անհավասարակշռությունը»:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Օբրադորն ասել է, թե Միացյալ Նահանգները համաձայնվել է իր նավթի արդյունահանումը կրճատել օրական հավելյալ 250 հազար տակառով՝ այս խնդրում Մեքսիակային օգնելու նպատակով: Այս մասին Օբրադորի հետ հեռախոսազրույցում խոստացել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որից հետո Մեքսիկան հայտարարել է օրական 100 հազար տակառի չափով նավթի արդյունահանումը կրճատելու մասին:
ՕՊԵԿ+-ը, որն իր մեջ է ընդգրկում նաև Ռուսաստանը, հայտարարել է արդյունահանումը մայիս և հունիս ամիսներին կրճատելու մասին: Արդյունահանման ծավալներն այնուհետև կսկսեն աստիճանաբար բարձրանալ մինչև 2022 թվականը:
Հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսները նավթի արդյունահանման ծավալներում կրճատումները կկազմեն օրական արդեն 8, որից հետո` 6 միլիոն տակառ:
Կորոնավիրուսի համաշխարհային համաճարակը նավթի պահանջարկը սկսեց կրճատել դեռևս մարտ ամսից, և անմշակ այս հանածոյի մեկ տակառի գինն իջել էր 31 դոլարի: Մարտի վերջին գները, շարունակելով իջնել, հասել էին 22 դոլարի: Սա անցած 18 տարիների ընթացքում նավթի գնի ամենացածր ցուցանիշն է:
Որոշ վերլուծաբաններ չեն կարծում, որ արդյունահանման ծավալների համաձայնեցված կրճատումը կհանգեցնի նավթի գների աճին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաճարակի պատճառով սկսված տնտեսական անկումը կարող է ձգվել դեռ երկար ժամանակ, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էին Արժույթի միջազգային հիմնադրամը և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը:
Ու եթե նավթի գները շարունակեն մնալ ցածր, արդյունքում կընկնեն նաև պլաստիկ ապրանքների գները: Դա դրական ազդեցություն կունենա սպառողների համար, սակայն իրենց տարեկան բյուջեում նկատելի անկում կգրանցեն նավթարդյունահանող երկրները: