Նիկոլ Փաշինյան. Պահանջվում է ջանքերի կոորդինացում և միջոցառումների համախմբում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Փաշինյանը ողջունել է տեսակոնֆերանսի մասնակիցներին և նշել, որ բոլորին այսօր մտահոգում է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը։ Այդ համատեքստում, վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակի մասին։
«Այսօր մենք կանգնած ենք մարտահրավերների առջև, որոնք սպառնում են ոչ միայն մեր առողջապահական համակարգերին և քաղաքացիների առողջությանը, այլև իրենց բնույթով աննախադեպ խնդիրներ են ստեղծում մեր երկրների տնտեսությունների համար։ Շատ փորձագետներ արդեն համաշխարհային տնտեսության մեջ ռեցեսիա են կանխատեսում, որն իր մասշտաբներով համեմատելի կլինի միայն Մեծ դեպրեսիայի հետ։ Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ հայտնի չէ, թե որքան երկար կտևի համավարակը և ինչպիսին կլինի նրա զարգացման ընթացքը մոտ ապագայում։
Covid-19 համավարակի հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարումը պահանջում է մեր կառավարությունների ուժերի առավելագույն լարվածություն։ Ակնհայտ է նաև, որ պահանջվում է ջանքերի կոորդինացում և միջոցառումների համախմբում մեր ինտեգրացիոն միավորման շրջանակներում։ Ինչպես այսօր տեսնում ենք, համավարակի սանձման և անխուսափելի ճգնաժամի հաղթահարման իրավիճակից դուրս գալու ելքը շատ երկրներ տեսնում են պրոտեկցիոնիզմի տրամաբանության և միջազգային առևտրում սահմանափակող միջոցների վրա հիմնված միջոցառումների մեջ։ Որոշ տվյալներով, շուրջ 70 երկրներ արդեն արգելքներ կամ սահմանափակումներ են սահմանել բժշկական միջոցների և դեղամիջոցների արտահանման համար: Բացառված չէ, որ այդ միտումը հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների ավելի լայն սպեկտր։ Մեզ չի կարող չանհանգստացնել այդ հեռանկարը։ Սահմանափակ տնտեսական հնարավորություններով և ռեսուրսներով երկրների համար սա կարող է ունենալ ամենածանր հետևանքները»,-մասնավորապես նշել է նա։
Կառավարության ղեկավարն ասել է՝ Հայաստանն աջակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ Հայտարարությանը, որն այսօրվա իրավիճակի վերաբերյալ մեր ընդհանուր դիրքորոշման արտահայտումն է։
«Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ Հայտարարությունը համահունչ է այն հրամայականներին, որոնք վերջերս ներկայացվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում։ Խաղաղության պահպանումը, զինված հակամարտությունների դադարեցումը և միջազգային հանրության միասնությունն անհրաժեշտ պայման են համավարակի մարտահրավերների ու տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի համար:
Մեր ինտեգրացիոն միավորման համակարգաստեղծ սկզբունքն ազատ առևտուրն է, և մեր գործողությունները պետք է հիմնված լինեն այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտության վրա։ Ուստի, ստեղծված իրավիճակում մենք անթույլատրելի ենք համարում այս կամ այն կերպ ԵԱՏՄ ներսում ապրանքների և ծառայությունների տեղաշարժմանը խոչընդոտող միջոցների ստանձնումը։ Բացի այդ, Հայաստանի համար չափազանց կարևոր է ԵԱՏՄ երկրների հետ բեռնափոխադրումների անխափան իրականացումը։ Ռուս-վրացական սահմանն այս առումով մեզ համար կենսական նշանակություն է ձեռք բերել։ Վերջապես, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական համակարգում նշմարվող անորոշությունը, անհրաժեշտ ենք համարում արագացնել միջոցների ձեռնարկումը՝ ԵԱՏՄ-ի շրջանակում իրականացվող առևտրում ազգային արժույթներով վճարումների մասնաբաժնի հնարավորինս մեծացման համար»,-ասել է նա։
Այնուհետև ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները քննարկել են Միության տարածքում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ստեղծված իրավիճակում տնտեսական զարգացումներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ քայլերը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան