Առաջարկվում է երեխայի ծննդյան նպաստը ծնողին միանվագ տրամադրել
«Առաջարկում եք երեխայի ծննդյան նպաստը ծնողին միանվագ տրամադրել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով «Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Մելքումյանը տեղեկացրեց, որ երրորդ և չորրորդ երեխաների ծնվելուց հետո ծնողներին տրամադրվում է 1 մլն դրամ, իսկ և հինգերորդ երեխայից հետ 1.5 մլն դրամ:
Պատգամավորը շեշտեց, որ 2016 թվականից երեխայի 1 տարին լրանալուց հետո այդ գումարի կեսը ամսական 50 հազար դրամով տրամադրվում է ծնողներին։
«2014-2019 թվականների ընթացքում ավելի քան 24 մլրդ դրամ է ծախսվել, ընդ որում 2015 թվականին 550 մլն դրամ, 2016-ին՝ 1.9 մլրդ դրամ, 2017-ին՝ 3.6 մլրդ դրամ, 2018-ին՝ 4.5 մլրդ և 2019 թվականին ավելի քան 9.1 մլրդ դրամ։ Հիմա խնդիրն այն է, որ այդ գումարն ամիս-ամիս ստանալու դեպքում գլոբար ծախսեր հնարավոր չէ իրականացնել, մենք ենթադրում ենք, որ այդ գումարի մնացած մասը կարող ենք միանգամից տրամադրել, որպեսզի երեխայի ծախսերը ծնողը միանգամից հոգա»,- ասաց Մելքումյանը։
Բացի այդ, պատգամավորը նշեց, որ երեխայի ծնվելու ժամանակ աշխատող մայրերը 18 հազարական դրամ (հուլիսի 1-ից 26,500 դրամ) նպաստ են ստացել, և իրենք առաջարկել են, որպեսզի նաև չաշխատող մայրերը՝ գյուղաբնակ և քաղաքաբնակ տարածքներում, ստանան այդ գումարը, սակայն կառավարությունն այդ առաջարկը մերժել է։
«Պատճառն այն է, որ կառավարությունը նախատեսում է պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ անել, եթե չեմ սխալվում հուլիսի 1-ից միայն գյուղաբնակ մայրերի համար երկու տարի ժամկետով կնախատեսվի ամսական 26500 դրամ նպաստ։ Բայց կառավարությունն ասել է, որ հետագայում նաև այդ նպաստը հասանելի կլինի քաղաքաբնակ մայրերին»,- ներկայացրեց Մելքումյանը։