Լիզինգի գործարքը ԱԱՀ-ից ազատելը հրաշալի նախաձեռնություն է՝ սպասվող տնտեսական կոլապսի համատեքստում. Բագրատյան
«Նախատեսում ենք լիզինգի համար օրենսդրական դաշտը կարգավորել, և առաջ քաշել լիզինգի կրկնակի, երկրորդական և հետադարձ տարբերակները»,- ԱԺ հերթական նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնլով կառավարության առաջարկած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Մարգարյանը տեղեկացրեց, որ նախագծով հստակեցվում են նաև ֆինանսական վարձակալության պայմանագրի վաղաժամկետ դադարման դեպքում լիզինգի առարկայի հետ կապված փոխհարաբերությունները։
«Հարկային օրենսգրքում» փոփոխությամբ առաջարկվում է կրկնակի լիզինգի դեպքում, կամ պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում ավելի ցածր արժեք սահմանել լիզինգի առարկայի համար։
«Հաջորդ առաջարկն է, որ ԱԱՀ չնախատեսող գործարքներով ձեռքբերվող լիզինգի առարկայի համար լիզինգատուի կողմից ԱԱՀ չհաշվարկելը։ Մյուս առաջարկը վերաբերում է նրան, որ լիզինգային գործարքների ժամանակ լիզինգի առարկայի տիրապետման և օգտագործման ժամանակահատվածում գույքահարկ վճարող պետք է համարել լիզինգառուին»,- ներկայացրեց Մարգարյանը։
Եվ վերջին առաջարկն այն է, որ լիզինգի առարկայի տիրապետման և օգտագործման ժամանակահատվածում դրա հետ կապված բոլոր պահանջների պատասխանատու է ճանաչվում լիզինգառուն։
Տեղեկացնենք, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է բացասական եզրակացություն։
Հանձնաժողովի ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը տեղեկացրեց, որ փաթեթում ներառված օրենքների մի մասը կրում է տեխնիկական բնույթ, մի մասն էլ բովանդակային փոփոխություն է ենթադրում։
Ըստ պատգամավորի, փոփոխություններով սահմանվել են լիզինգի նոր տեսակները՝ երկրորդային, հետադարձ և կրկնակի։
«Հետադարձ լիզինգն այն է, երբ անձը իրավունք ունի իրեն պատկանող գույքը հանձնել լիզինգատու կազմակերպությանը՝ բանկին և վարկային կազմակերպությանը, ապա վարձակալությամբ վերցնել և դրա համար վարձավճար տալ։ Իսկ երկրորդային լիզինգն այն է, երբ վարձակալած գույքը հետ է հանձնվում բանկին՝ լիզինգառուի և լիզինգատուի միջև եղած պայմանագրի խզման հետևանքով, իսկ հետագայում այլ անձին վարձակալությամբ տրամադրելը կոչվում է երկրորդային լիզինգ»,- ներկայացրեց Սողոմոնյանը։
Ու թեև հանձնաժողովը նախագծին տվել է բացասական եզրակացություն, պատգամավորը հորդորեց կողմ քվեարկել և նախագիծը բերել ԱԺ օրակարգ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վարման կարգով ասաց, որ լիզինգային հարաբերությունների կարգավորումը չպետք է թողնել միայն «Քաղաքացիական օրենսգրքի» հույսին՝ առանց լիզինգի մասին օրենք ունենալու.
«Կարծում եմ, որ կառավարությունը պետք է լիզինգի մասին հստակ օրենքով հանդես գա»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանն էլ պարզաբանեց՝ նախագիծը կարևոր է, քանի որ Հայաստանում լիզինգային հարաբերությունները կարգավորված չեն։
«Հիմա պատկերացրեք՝ երկու ֆիզիկական անձինք բնակարան են ձեռք բերում, ըստ էության, լիզինգի գործիքի ոչ գրավիչ լինելու պայմաններում նրանք չեն մտնում այդ հարաբերությունների մեջ, և մեծ հաշվով պետական բյուջեն դրանից տուժում է»,- ասաց Մանուկյանը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ վարման կարգով ասաց, որ լիզինգի ինստիտուտը կարևորագույն ֆինանսական գործիք է, և իրոք անհրաժեշտ է «Քաղաքացիական օրենսգրքում» լիզնգի վերաբերյալ փոփոխություններ մտցնելը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ լիզինգի գործարքը ԱԱՀ-ից ազատելը հրաշալի նախաձեռնություն է, որովհետև սպասվող տնտեսական կոլապսի համատեքստում պետք է ընդունել, որ գումարի շրջանառությունը նվազելու է, իսկ գործարքի՝ ԱԱՀ-ից ազատումը, հնարավորություն կտա արտադրություն կազմակերպելու։