Տեր Ասողիկ. Դատապարտում ենք Հայոց Եկեղեցու հոգևոր զավակ Ալեն Սիմոնյանի անհարգալից վերաբերմունքը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը դատապարտում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքը, ցավ հայտնում դրա կապակցությամբ։
«ՄԵՐ ԽՈՍՔԸ
Որպես հայ քրիստոնյա և հոգևոր սպասավոր խորապես հիասթափված եմ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Պարոն Ալեն Սիմոնյանի վերաբերմունքից:
Ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառումը՝ Ամենայն Հայոց Հայրապետի վերաբերյալ, բոլորովին վայել չէ Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյայի հանգամանքին և ոչ էլ հասարակական, քաղաքական ծանրակշիռ գործչին:
Մեզ համար մեծ ցավ է, որ պետական պաշտոնյան իրեն նման պահվածք կարող է թույլ տալ:
Դատապարտում ենք Հայոց Եկեղեցու հոգևոր զավակ Պարոն Ալեն Սիմոնյանի անհարգալից վերաբերմունքը, և որպես հոգևոր սպասավոր հորդորում և զգաստության ենք կոչում:
Թույլ մի տվեք հաստատվի այն կարծիքը, որ Հայոց Եկեղեցու դեմ անցյալում կատարված հայտնի ոտնձգությունների հեղինակներն ու հրահրողները նաև այլ հասցե ունեն...
Կսիրեմ հուսալ, որ Ձեզ բնորոշ ողջախոհությամբ կսրբագրեք Ձեր մոտեցումը և կմնաք հարազատ զավակը Ձեր Սուրբ Եկեղեցու՝ հայցելով Ազգիս Սրբազնագույն Հայրապետի հայրական ներողամտությունը:»,-գրել է Տեր Ասողիկը ֆեյսբուքյան իր էջում։
Հիւշեցնենք, որ երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն News.am-ին հայտնել էր.
«Հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։
Այս հրապարակումից հետո ԱԺ փոխնախագահ, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր. «Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:
Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»։
Սա հարուցել է բազմաթիվ հոգևորականների զայրույթը, նրանք քննադատում են Սիմոնյանի նման պահվածքը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան