Ազգային, կրոնական տոները կամ հիշտակի օրերը նշելու համար առաջարկվում է տարեկան 4 օր չվճարվող արձակուրդ տրամադրել
«Առաջարկվում է ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար ոչ ավելի, քան տարեկան 4 օր չվճարվող արձակուրդ տրամադրել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ ներկայացնելով «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախքան նախագիծը ներկայացնելը, Բաքոյանը ԱԺ ամբիոնից շնորհավորեց եզդիներին՝ տարեգլխի չորեքշաբթիի առթիվ. այն եզդի ժողովրդի ամանորն է։
Պատգամավորը շեշտեց, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց եզդիներն իրենց բնօրրանում ցեղասպանվեցին. «Ցավոք, 21-րդ դարում դեռ մեզ՝ եզդիներիս սպանում են՝ ազգային պատկանելության և կրոնի համար»։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ եզդի ազգը, Հայաստանում բնակվելով, ինքն է ընտրել հայ ժողովրդի հետ մեկ միասնական ճակատագրով ապրելու տարբերակը.
«Երկար տարիների ընթացքում մեր մեջ ձևավորվել են եղբայրական հարաբերություններ, և մենք շատ բարձր ենք գնահատում ձեր ազգային ինքնությունը պահպանելու մոտեցումը»։
Ինչ վերաբերում է առաջարկվող նախագծին, ապա Պետրոսյանը նշեց, որ պետական և մասնավոր սեկտորներում աշխատած լինելով, ինքը չի հիշում, որ ազգությամբ եզդի աշխատակիցը դիմած լինի ազգային տոնական օրերի կապակցությամբ տվյալ օրը աշխատանքի չներկայանալու համար և մերժվի։
«Նախագծի նպատակն ինքնին հասկանալի է, բայց եթե նախկինում մեր եզդի եղբայրները այդ օրը կարողանում էին վճարովի արձակուրդի գնալ և օգտվել տոներին մասնակցելու հնարավորությունից, այս նախագծով ստացվում է, որ իրենք զրկվելու են աշխատավարձից»,- ասաց Պետրոսյանը։
Պատասխանելով Պետրոսյանի հարցին՝ Բաքոյանը նշեց, որ նախագիծը չի վերաբերում միայն եզդիական համայնքին։
«Պետական համակարգում աշխատելիս անձամբ ինձ հետ պատահել է նման խնդիր։ Իսկ հայերի եղբայրական վերաբերմունքը եզդի ժողովրդին հասկանալի և տեսանելի է։ Բայց երբ մենք օրենքով կարգավորում ենք տալիս, ազգային և կրոնական փոքրամասնություններն հնարավորություն է տրվում իրենց ազգային, կրոնական տոներին կամ հիշատակի օրերին մասնակցելու»,- ասաց Բաքոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին