Ի՞նչ փուլում են գազի գնի բանակցությունները
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ փուլում են գազի գնի բանակցությունները:
Ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ռուսական կողմից ստացել է իր նամակի պատասխանը, որտեղ նշված է՝ հարցն ուշադրության կենտրոնում է:
«Միևնույն ժամանակ նշվում է, որ հարցի վերաբերյալ կոնտակտները կլինեն կառավարական մակարդակով: Ինչ վերաբերում է ներդրումներին, այո, հայտ ներկայացնելու մեջ կա ներդրումների լուրջ կոմպոնենտ, որը նույնպես պետք է դառնա հասարակական գնահատականի առարկա: Մենք պետք է հասկանանք՝ ուզում ենք այդ ներդրումները, թե ոչ: Եթե ուզում ենք, պետք է քննարկել խնդիրը՝ նաև սակագնի մասով: Ի վերջո որոշումները կայացվելու են ՀՀ իրավազորության ներքո»,- ասաց փոխվարչապետը:
Նա նաև հավելեց. «Կարծում եմ, որ չպետք է շատ չոր լինել, այսինքն՝ կոնստրուկտիվ պետք է լինել, ի վերջո «Գազպրոմ-Արմենիան» հայկական ընկերություն է, և մենք պետք է ողջամիտ լինենք: Եթե համարում ենք, որ կլինի գնային տարբերություն, ապա դա չեզոքացնել սահմանին, ինչը, որ փորձում ենք անել»։
Փոխվարչապետը պատասխանեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին: Պատգամավորը, մասնավորապես, վերհանեց չգազաֆիկացված 333 համայնքի բնակիչների կոմունալների փոխհատուցման հարցը:
«Եթե գազի աբոնենտ չէ, դա չի նշանակում ,որ չի կարող օգտվել հոսանքի օժանդակությունից: Չգազաֆիկացված համայնքների հարցը հիմա քննարկում ենք: Բոլորին թվում է, թե 11-րդ միջոցառումը միակն է լինելու, այդպես չէ, դա շարք է: Խնդրի լուծման մասին հիմա չենք կարող խոսել, ընկերությունների հետ քննարկումների փուլում ենք, բայց փորձում ենք այնպես անել, որ օժանդակություն տրամադրենք այն մարդկանց, որոնք դրա անհրաժեշտությունն իսկապես ունեն, այլ ոչ թե դաչաներն է այնտեղ և այլն»,- ասաց Գրիգորյանը: