Սա լինելու է ընդունված, բայց դարակում դրված նախագիծ. Զոհրաբյան
«Այս պահին նախագիծը ժամանակավրեպ է»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով թոշակներն ամբողջապես անկանխիկ եղանակով տրամադրելու նախագծին։
Պատգամավորի խոսքով, քանի դեռ Հայաստանը չունի բանկային ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան նախագիծն իսկապես գործի դնել, սա լինելու է ընդունված, բայց դարակում դրված նախագիծ։
«Ես գրեթե վստահ եմ, որ մինչև 2023 թվականը մենք բանկային ենթակառուցվածքներ չենք ունենա, որովհետև դա ֆինանսական առումով շահավետ չի լինելու բանկերին, և մենք չենք կարողանալու բանկերին ինչ-որ բան թելադրել կամ դրանց պրեսինգի ենթարկել։ Արդյունքում ստացվելու է, որ 2023 թվականին Դուք, կամ նա, ով այդ ժամանակ կլինի Ձեր փոխարեն, գալու է խորհրդարան և ասելու՝ եկեք ժամկետները երկարաձգենք»,- նշեց Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով, հիմա նման պարտականություն դնել տասնյակ հազարավոր թոշակառուների վրա, որ նրանք ստիպված լինեն իրենց բնակության վայրից գնալ մոտակա բնակության վայր, և այնտեղ պեղել որևէ բանկոմատ, ազնիվ և արդար լուծում չի լինի։
«Ես կարծում եմ՝ պետք է ձեռնպահ մնալ այսպիսի նախաձեռնությունից, որովհետև գաղափարը գուցեև վատը չէ, բայց իրականացման առումով այս պահին ուղղակի անիրականանալի է։ Ես վստահեցնում եմ՝ որպես պատգամավոր-քաղաքացի, ով մշտապես լինում է հանրապետության բազմաթիվ բնակավայրերում, ասում եմ՝ այնտեղ բանկոմատ պեղելը բարդ է՝ կամ չկա, կամ գտնում ես՝ պարզվում է, որ այն ժամանակավորապես չի աշխատում։ Եվ նման բեռ դնել թոշակառուների վրա, ու պարտադրել, որ նրանք օրենքի պահանջները կատարեն, հակառակ դեպքում չգիտեմ, թե ինչ սանկցիաներ կարող են կիրառվել, կարծում եմ՝ ճիշտ լուծում չէ»,- եզրափակեց խոսքը Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում