Նախատեսվում է ամբողջապես անցնել կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին
«Առաջարկում ենք ամբողջական անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի»,- խորհրդարանում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով «Պետական կենսթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նա տեղեկացրեց, որ նախատեսվում է ամբողջապես անցնել կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին.
«Իհարկե օրենքով սահմանված են որոշակի առանձնահատկություններ՝ առանձին կատեգորիայի անձանց համար, հիմնականում սահմանված է, որ եթե կենսաթոշակառուի 75 տարեկանը լրացել է, կամ նա առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, կամ այլ կերպ ասած՝ քաղաքացին ունի շարժունակության հետ կապված խնդիր, ապա նրա դիմումի հիման վրա, կենսաթոշակը կարող են վճարել կանխիկ եղանակով»։
Կառավարությունն առաջարկում է անցման փուլային տարբերակ, նախատեսվում է առաջին փուլում կանոնը տարածել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Կարգավորումը պլանավորվում է մտցնել 2020 թվականի հուլիսի 1-ից, դրանից հետո աստիճանաբար անցում կկատարվի մյուս քաղաքներ, և 2023 թվականից արդեն համակարգը կմտցվի 1000-ից պակաս բնակիչ ունեցող գյուղական համայնքներ։
Ներկայիս գործող օրենքով նշված է, որ թոշակի վճարումը կարող է լինել կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ քաղաքացու ընտրությամբ։
«Կենսաթոշակի կանխիկ վճարումը ենթադրում է գումարի առձեռն փոխանցում թոշակառուին, երբ փոստատարը թոշակի գումարը ֆիզիկապես փոխանցում է կենսաթոշակառուին, իսկ անկանխիկ վճարումը՝ կենսաթոշակի փոխանցումն է թոշակառուի հաշվեհամարին»,- ներկայացրեց Սաիյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ 2020 թվականի մարտ ամսվա դրությամբ անկանխիկ եղանակով է վճարվել կենսաթոշակների 53%-ը.
«Անկանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակների տեսակարար կշիռն աճել է, ինչը ենթադրում է, որ այս եղանակով թոշակ ստանալը քաղաքացու համար հարմար է, իսկ պետության համար՝ ֆինանսական տեսանկյունից բարենպաստ։ Կենսաթոշակների կանխիկ վճարումը անհամեմատ ավելի թանկ է պետության վրա նստում, քան անկանխիկ վճարումը։ 2019 թվականին մենք կենսաթոշակների կանխիկ վճարման վրա ծախսել ենք մոտավորապես 1 մլրդ 400 մլն դրամ, իսկ անկանխիկ վճարման վրա՝ մոտավորապես 75 մլն դրամ։ Դա այն դեպքում, երբ կանխիկ և անկանխիկ եղանակով վճարվող գումարների տեսակարար կշիռը գրեթե հավասար է»։