Ցորենի մասով մենք կարող է ռազմավարական պաշար ձևավորելու խնդիր ունենանք. Փաշինյան
«Քանի որ գյուղատնտեսությունն այս վիճակում կարող է լուծել պարենային անվտանգության խնդիրը, առաջարկում եմ, որ հստակեցնենք՝ պետությունն իր կարիքների համար ի՞նչ քանակով առաջին անհրաժեշտության մթերքների կարիք ունի»,- կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Պատգամավորն ասաց, որ պետությունը պետք է պայմանագիր կնքի գյուղացիական տնտեսությունների հետ՝ երաշխավորելով, որ պատրաստ է գնել արտադրված արդյունքը, և սրանով իսկ հնարավորություն տալ բանկերին, որպեսզի ազատ կարողանան վարկավորել տվյալ գործարքը.
«Ճիշտ է, բանկերն այսօր հանձնառություն ունեն և որոշակի աշխատանք կատարում են, բայց դա գոյության աշխատանք է, վերարտադրության խնդիրը չի լուծվում»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ պարենային անվտանգության հարցով կառավարությունն այս ընթացքում մի քանի անգամ քննարկումներ ունեցել է, և արձանագրվել է, որ Հայաստանը պարենային ապրանքների բավականին բարձր ինքնաբավության մակարդակ ունի, բացառություն է կազմում օրինակ՝ ցորենը։
«Մասնագիտական քննարկումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում գարնանացան ցորենը արդյունավետ չէ, հետևաբար, պետք է կենտրոնանալ աշնանացան ցորենի վրա»,- շեշտեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է բանակի կարիքներին, վարչապետը նշեց, որ բանակի պարենավորման խնդրում դրված է մի շատ կարևոր պայման՝ այն, ինչ հնարավոր է ձեռք բերել տեղական շուկայից, պետք է ձեռք բերվի այնտեղից։
Բագրատյան էլ արձագանքեց՝ բանկերը ռիսկ չեն անում մեծ ֆինանսավորում իրականացնել, պետք է կառավարության կողմից երաշխավորվի, որ սպառում կլինի․ «Պատկերացրեք, բանկը մի քանի միլիոնի ֆինանսավորում անի՝ հույս չունենալով, որ էդ ապրանքը արտադրվելուց հետո կվաճառվի։ Դրա համար ես դիմում եմ կառավարությանը, որ պայմանագիր կնքի, որ բանկն էլ ֆինանսավորի, քանի որ կառավարության կողմից երաշխավորված է արտադրանքի իրացումը»։
Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ պատգամավորի ասած խնդիրը կառավարությունը փորձում է այլ կերպ լուծել։
«Գիտեք, որ գյուղատնտեսական վարկերի տոկոսները բանկերը զրոյացրել են, և էս պահին մեր գյուղատնտեսական ծրագրերով 1.4 մլրդ դրամի վարկավորում է տեղի ունեցել։ Ես ճիշտն ասած գոհ չեմ այս տեմպից, և հիմա հաշվի առնելով բանկերի ռիսկերը, մենք կփորձենք առաջիկայում քննարկել, որ այդ հարցն ուրիշ կերպ լուծենք։ Մենք այս ծրագրերում համաֆինանսավորման կոմպոնենտը մեծացնում ենք, որ պետությունը ոչ թե ասի՝ ես ցորենը կառնեմ, այլ պետությունը ասի՝ վարկերի գումարի 10-30%-ը մենք կտանք։ Այսինքն՝ բանկի ռիսկը կկիսենք։ Բայց ցորենի մասով մենք Ձեր ասած տարբերակը կարող է կիրառենք, քանի որ ցորենի մասով մենք կարող է ռազմավարական պաշար ձևավորելու խնդիր ունենանք»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- 3 ամսով արգելվում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից դուրս
- ՏՄՊՊՀ. պարենային մի շարք ապրանքների գնային դինամիկան