Այս տարի առաջին անգամ մեր երկրում պաշտոնապես առանձին կնշվի հայկական կինոյի օրը
Հայաստանի ազգային կինոակադեմիան շնորհավորական ուղերձ է հղել ՝ հայ կինոյի օրվա կապակցությամբ:
«Շնորհավորում ենք կինոինդուստրիայի աշխատակիցներին, հայ մշակութասեր հանրությանը, հատկապես՝ կինոարվեստը գնահատող և արժևորող բոլոր մարդկանց:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի ազգային կինոակադեմիայի, պրոֆեսիոնալ գիլդիաների ներկայացուցիչների, ինչպես նաև կինոյի ոլորտի այլ գործիչների և կազմակերպությունների նախաձեռնությամբ կյանքի կոչվեց այս հրաշալի գաղափարը՝ դառնալով նրանց բոլորի ջանքերի և նպատակային պայքարի տրամաբանական ավարտը:
Այս տարի առաջին անգամ մեր երկրում պաշտոնապես առանձին կնշվի հայկական կինոյի օրը:
Ապրիլի 16-ին հայկական հեռուստաեթերով կհեռարձակվեն մեր կինոժառանգության լավագույն նմուշները՝ տարբեր շրջաններում ստեղծված հայկական ֆիլմեր, որոնք մեր ինքնության, բնավորության, ապրելակերպի արտացոլումն են: Այդ օրը հեռուստադիտողները հնարավորություն կունենան վայելելու սիրված կինոֆիլմերի մի իրական հրավառություն, դիտելու առանձին հաղորդումներ հայ մշակույթում կարևոր տեղ գրավող կինոարվեստի մասին, ինչպես նաև հատուկ այդ օրվա համար պատրաստված՝ հայկական կինոյի օրվան նվիրված տեղեկատվական հոլովակը:
Հայ կինոյի օրը նոր խթան կդառնա կինոյի դերի կարևորման համար, ինչն էլ իր հերթին ավելի լայն հնարավորություններ կբացի արվեստի թերևս ամենամասսայական ճյուղի էլ ավելի հանրայնացման, կինոգործիչների առավել մոտիվացման և մեր երկրում հայ կինոյի հետագա զարգացման ու բարգավաճման համար: Այսօր մեր կողքին ապրում և ստեղծագործում են տաղանդավոր կինոռեժիսորներ, կինոօպերատորներ, դերասաններ ու ոլորտի այլ մասնագետներ, ում ստեղծած աշխատանքները մասնակցում են միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների և արժանանում մրցանակների:
Նոր իրողությունը կդառնա նաև նոր ճանապարհի սկիզբ՝ ուղղված հայկական կինոյի հանրայնացմանը:
Ամբողջ աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի այս օրերին ամենուր հնչում են տանը մնալու հորդորներ և դա ամենևին չի խանգարի մարդկանց մոտ լինել մշակույթին: Չափազանց ակտուալ ՄՆԱ ՏԱՆԸ հորդորը լիովին համահունչ է ապրիլի 16-ի օրվա խորհրդին:
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Հայ կինոյի օրվա կապակցությամբ և ասում.
ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ ԵՎ ԴԻՏԵՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ»,-նշված է գրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան