Միջազգային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի վարկունակության ռեյտինգը
Այսօր կառավարության մամուլի սրահում հարց ուղղվեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին. «Միջազգային կազմակերպությունները՝ Համաշխարհային բանկը Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում են Հայաստանի ՀՆԱ-ի անկում: Արդյո՞ք դրանք իրատեսական են և ինչպե՞ս կազդեն ՀՀ վարկունակության վրա»:
Ա.Ավանեսյանն ասաց, որ այդ կազմակերպությունները օգտագործում են հստակ կանխատեսման գործիքներ և հիմնավորված են տնտեսական մոդելավորման և թեորիաների վրա: Հետևաբար առկա տվյալների հիման վրա նրանց կանխատեսումները կարելի է համարել իրատեսական:
Այդ կանխատեսումների վրա, ըստ փոխնախարարի, կարող են ազդել համաճարակի տևողությունը և տնտեսության արձագանքը:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս այդ գնահատականները կազդեն երկրի վարկունակության վրա՝ Ավանեսյանն ասաց. «Միջազգային ռեյտինգային կազմակերպությունների գնահատականները դիտարկելով կտեսնենք, որ մեկ կազմակերպությունը որոշակիորեն իջեցրել է ՀՀ ռեյտինգը: Սակայն այդ կազմակերպությունն ամբողջ տարածաշրջանի ռեյտինգն է իջեցրել, այնպես, որ Հայաստանը ավելի վատ վիճակում չի գտնվում, քան մեր հիմնական գործընկերները և մեզ համադրելի երկրները: Մյուս կազմակերպությունը վարկանիշ չի փոփոխել: Կազմակերպությունների դիրքորոշումների տարբերությունն այն է, որ առաջինի դեպքում ուշադրություն է դարձվել տնտեսության միջազգային ինտեգրմանը, մյուսի դեպքում՝ կառուցվածքին և կառավարութան գործողություններին: Այո, մենք ունենալու ենք վարկունակության կորուստ: Այն ավելի քիչ կլինի, քան տարածաշրջանի մյուս երկրներում»: