ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման աջակցում է Ջո Բայդենին
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության գլխավոր հավակնորդներից Բերնի Սանդերսը որոշեց դուրս գալ մրցապայքարից ու իր աջակցությունը հայտնեց նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, վերջինիս աջակցելու մասին հայտարարեց նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Օբամայի խոսքերով, իր պաշտոնավարման ժամանակ փոխնախագահի պաշտոնը Ջո Բայդենին հանձնելու որոշումն իր կողմից կայացված ամենալավ որոշումներից մեկն էր:
«Ես հավատում եմ, որ Ջոն այժմ ունի նախագահի համար անհրաժեշտ բոլոր որակները»,- ասում է Օբաման ու ավելացնում, որ Ջո Բայդենը գիտի բոլորի հետ խոսելու ճիշտ ոճն ու ձևը:
Նրա խոսքերով, մեծ է եղել H1N1 և էբոլայի համաճարակների դեմ պայքարում Բայդենի դերը:
«Նա է ինձ մեծապես օգնել համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի դիրքերն ամրապնդելու գործում, և նա ունի բոլոր կարողությունները, երկիրը այս դժվարին կացությունից դուրս բերելու, միջուկային սպառնալիքների ու երկրագնդի ջերմացման դեմ պայքարելու համար»,- ասում է Օբաման:
Նաև Բայեընի նախկին գլխավոր մրցակից Բերնի Սանդերսի մասին գովասանքի խոսքեր ասելով՝ Բարաք Օբաման կոչ է անում Դեմոկրատական կուսակցության կողմից հավանություն տալ Ջո Բայդենին:
«Մենք բոլորս մի բան լավ ենք հասկացել, այն, որ հանրապետականները, վերցնելով Սպիտակ տունը և Սենատը, հետաքրքրված չեն առաջընթացով: Նրանց հետաքրքրում է իշխանությունը: Նրանք ցույց են տվել, որ ուզում են միլիոնավոր մարդկանց զրկել բժշկական ապահովագրություններից նույնիսկ համաճարակի այս դժվարին պայմաններում»,- ասում է նախկին նախագահը:
Նրա խոսքերով, երկրի ապագան հիմա մեծապես կախված է ընտրություններից:
«Չէի ասի, որ հաղթանակ տանելը հեշտ գործ է: Հակառակ կողմն ունի քարոզչության մեծ ցանց ու հնարավորություններ, որոնք չի օգտագործում հանուն ճշմարտության»,- ասում է Օբաման, ում խոսքերով, մյուս կողմից էլ համաճարակն է մարդկանց ուշադրությունը շեղում քաղաքական լուրջ խնդիրներից, այն խնդիրներից, որոնք առկա են ու առաջ են եկել Թրամփի կառավարման օրոք:
«Անհրաժեշտ է, որ միավորվեն բարի կամքի տեր ամերիկացիներն` ընդդեմ այսօրվա այն քաղաքականության, որը բնութագրվում է կոռուպցիայով, անտարբերությամբ, ապատեղեկատվությամբ ու պարզ խորամանկությամբ: Դա փոխելու համար անհրաժեշտ է, որ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բոլոր ամերիկացիներն այսօր ներգրավվեն քաղաքական ու հասարակական կյանքում, այնպես, ինչպես երբեք չեն եղել ներգրավված», -ասել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից Ջո Բայդենի թեկնածությունը պաշտպանելու մասին իր խոսքում:
Հարակից հրապարակումներ`
- Բերնի Սանդերսն իր աջակցությունն է հայտնել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում
- Բերնի Սանդերսը դադարեցրեց նախագահական քարոզարշավը՝ թողնելով Ջո Բայդենին հավանական առաջատար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան