Կորոնավիրուս. Տնտեսական ամենախորը ճգնաժամը` Մեծ լճացման տարիներից ի վեր
Աշխարհի երկրների մեծ մասն այս օրերին երկարաձգում են կորոնավիրուսի դեմ պայքարի համար ուժի մեջ մտցված արգելափակման ժամկետները: Սակայն, չնայած տարվող համընդհանուր պայքարին, կորոնավիրուսով վարակված անձանց թիվը շարունակում է արագ աճել: Աշխարհում կորոնավիրուսի վարակ է կրում 2 միլիոնից ավել մարդ: Մինչ այժմ մահացել է 126 հազար մարդ: Ապաքինվածների թիվն է մոտ 484 հազար: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Միացյալ Նահանգներում վարակակիրների թիվը հասել է 614 հազարի, որտեղ մահացել է 26 064 մարդ:
Վիրուսի ու հիվանդության ամենամեծ հարվածն իր վրա է կրում Նյու Յորք նահանգը, որտեղ միայն Սուրբ Զատկի օրը 671 մարդ էր զոհ գնացել վիրուսին: Այս նահանգում մահացած անձանց թիվը մոտենում է 11 000-ին:
Եվրոպայում վարակակիրների թվով առաջին տեղում է Իսպանիան: Հիվանդության 174 հազար դեպք, մահացության` 18 255:
Իտալիան, որը հաջորդում է Իսպանիային, այսօր ունի 162 488 վարակակիր: Մահացածների թիվն անցել է 21 հազարը։ Արգելափակումն այս երկրում երկարաձգվում է մինչև մայիսի 3-ը:
Իտալիայում մեկ օրվա կտրվածքով 3153 նոր դեպքերի ցուցանիշը ամենացածրն է ապրիլի 7-ից ի վեր: Տասներորդ օրը լինելով` այստեղ նվազում է հիվանդանոցներ տեղափոխվող անձանց թիվը, երկիր, որն այսօր արգելափակումը երկարաձգելու կարիք չունի, քանի որ այն նախապես արդեն հաստատվել էր վեց ամիսների համար:
Մինչև մայիսի 11-ն է երկարաձգվում արտակարգ դրությունը Ֆրանսիայում: Այս մասին իր ժողովրդին հղված ուղերձում երկուշաբթի օրը երեկոյան հայտնեց նախագահ Էմանուել Մակրոնը: Մարդիկ այստեղ տնից կարող են դուրս գալ միայն սննդամթերք կամ դեղորայք գնելու նպատակով: Աշխատում են միայն էական նշանակություն ունեցող աշխատանք իրականացնող անձինք:
Ընդունելով, որ կառավարությունը բավարար կերպով պատրաստ չի եղել այս ճգնաժամը հեշտությամբ հաղթահարելու համար` Մակրոնն ասել է, որ մինչև մայիսի 11-ն այստեղ կորոնավիրուսի թեստավորում են անցնելու երկրի բոլոր քաղաքացիները, որոնք ցույց են տալիս հիվանդության կասկածելի ախտանիշներ:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի պատճառով մահացության դեպքերը հասել են 12 107-ի, վարակակիրների թիվը` 93 873-ի: Արտգործնախարար Դոմինիք Ռաաբը, որը նաև երկրի առաջին պետական նախարարն է, հայտարարել է, որ դեռևս խոսք լինել չի կարող արգելափակումը հանելու մասին:
Ռուսաստանի միայն մայրաքաղաքում հայտնաբերվել է վիրուսի նոր 1355 դեպք: Ռուսաստանում երեքշաբթի օրվա տվյալներով կա 21 102 վարակակիր: Այստեղ մահացել է 170 մարդ: Նախագահ Պուտինը վճարովի արձակուրդները երկրում երկարաձգել է մինչև ապրիլի վերջը:
Նոր դեպքերի անկում է գրանցվում Իրանում արդեն մի քանի օր, երկիր, որտեղ կորոնավիրուսի պատճառով մահացել է 4683 մարդ, որտեղ հիվանդությունը կրող անձանց թիվը հասլ է 74 877-ի:
Արգելափակումը մինչև մայսի 3-ն է երկարաձգվել Հնդկաստանում: Նույն քայլին է մտադիր դիմել Պակիստանը:
Թուրքիայում այսօր կորոնավիրուսի վարակն է կրում 61049, մահացել է 1296 մարդ:
Վրաստանն ունի գրանցված 296 դեպք: Այստեղ մահացել է 3 մարդ:
Ադրբեջանում հիվանդների թիվը հասել է 1197-ի, մահացել են 13-ը:
Հայաստանում կորոնավիրուս կրող անձանց թիվը երեքշաբթի օրվա տվյալներով կազմում 1067: Մահացել է 16 մարդ:
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարում է, որ համաշխարհային տնտեսական անկումը գնահատում է 1930-ականների Մեծ լճացման տարիներից ի վեր` ծանրագույնը: