ՄԻՊ. Ծայրահեղ աղքատների 46 տոկոսը նպաստ չի ստանում, մինչդեռ ոչ աղքատների մոտ 23 տոկոսը նպաստ է ստանում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախորդ շաբաթ ներկայացրած տարեկան հաղորդման մեջ, անդրադառնալով մանկական աղքատության խնդրին, ուշադրություն է հրավիրում ընտանեկան նպաստի տրամադրման հասցեականությանը։
Պաշտպանը նկատում է, որ ընտանեկան նպաստի տեսքով ստացվող եկամուտն ազդում է մանկական աղքատության միջին մակարդակի վրա:
Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում երեխաների ընդհանուր թվաքանակի 23.9%-ն ապրում է այնպիսի տնային տնտեսություններում, որոնք ստանում են ընտանեկան նպաստ: Տնային տնտեսության ընդհանուր ծախսերից ընտանեկան նպաստները հանելու դեպքում մանկական ծայրահեղ աղքատության մակարդակն աճում է` 1.5%-ից հասնելով 7.0%-ի, իսկ մանկական աղքատության ընդհանուր մակարդակն աճում է 4.5 տոկոսային կետով` 29.2%- ից հասնելով 33.7%-ի:
«Դա վկայում է այն մասին, որ ընտանեկան նպաստի տեսքով ստացվող եկամուտը շատ կարևոր է ծայրահեղ աղքատ և աղքատ տնային տնտեսությունների համար»,-նկատում է ՄԻՊ-ը։
Մինչդեռ այն տրամադրվում է շատ դեպքերում ոչ հասցեական։ Ըստ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» 2019 թվականի զեկույցի՝ 2018թ.-ին ընտանեկան նպաստ ստացել է աղքատ տնային տնտեսությունների 34.7%-ը, ծայրահեղ աղքատների` 55.6%-ը և ոչ աղքատների` 22.7%-ը:
«Ստացվում է, որ ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների կեսից ավելին ստանում ընտանեկան նպաստ, իսկ ոչ աղքատ տնային տնտեսությունների զգալի մասը՝ 22.7%-ը, օգտվում է ընտանեկան նպաստի տրամադրման պետական ծրագրերից: Պետք է նշել, որ ընտանեկան նպաստի համակարգը կա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկությունների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում ընտանեկան նպաստների համակարգի բարելավման և հասցեականության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվել են որոշակի քայլեր»,-նշում է պաշտպանը։
Պաշտպանը երեխաների աղքատության հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ միջոցառումներն է նշել.
1. բարձրացնել բնակչության իրազեկվածությունը գործող սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ,
2. մշակել թիրախային աջակցության ծրագրեր՝ հաշվի առնելով երեխաների աղքատության ցուցանիշներն՝ ըստ մարզերի,
3. բարձրացնել ծայրահեղ աղքատ և աղքատ ընտանիքների ընդգրկվածության մակարդակն ընտանեկան նպաստի համակարգում այնպես, որ ապահովվի աղքատության իրական ու հիմնարար հաղթահարում:
Հարակից հրապարակումներ`
- «Տղա ունեցավ, ոտքը տեղ բռնեց» արտահայտության արժեքը նկատվում է նաև մեր օրերում
- ՄԻՊ. Դպրոցների շենքային պայմանները վտանգում են երեխայի և ուսուցիչների առողջությունն ու կյանքը