«Ֆաստ Կրեդիտ»-ը, չնայած մասնաճյուղի փակ լինելուն, պահանջել է ժամանակին կատարել վճարումները
«Ֆաստ Կրեդիտ» վարկային կազմակերպության Արտաշատի մասնաճյուղն արդեն երկու շաբաթ չի գործում։ Բանկի աշխատակիցներից երկուսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մյուսներին մեկուսացրել են։
Բայց մասնաճյուղի չաշխատելը չի խանգարել, որ կազմակերպությունը հաճախորդներից պահանջի ժամանակին վճարումներ կատարել` Արտաշատի փոխարեն վճարումները կատարել Մասիս քաղաքի մասնաճյուղում, սա այն պարագայում, երբ միջհամայնքային տրանսպորտը չի աշխատում։ Նաև առաջարկել են վճարել կամ տերմինալի կամ դրամապանակի օգնությամբ։
«Ես ասում եմ, գումարը պատրաստ է, հենց այս պահին կարող եմ գալ Արտաշատ ու վճարել, ինձ պատասխանում են՝ մասնաճյուղը չի աշխատում, վճարեք տերմինալով, կամ գնացեք Մասիս։ Արտաշատ հասնելու համար ես տաքսիի համար վճարում եմ 500-700 դրամ, Մասիս հասնելու համար գումարը եռապատկվում է, իսկ տերմինալներն էլ հիմնականում դրված են մարդաշատ տեղերում, օրինակ խանութներում, ես էլ խուսափում եմ նման տեղեր գնալ»,- պատմում է խմբագրությանը դիմած քաղաքացին։
Ի վերջո, վարկային պատմությունը չփչացնելու համար նա ստիպված է եղել հասնել մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Մասիս քաղաք ու վճարում կատարել։
Մեկ այլ հաճախորդի էլ SMS հաղորդագրություն են ուղարկել՝ տեղեկացնելով ուշացման ու դրա հետևանքների մասին։
Կազմակերպության տնօրեն Հակոբ Ղոնջեյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց՝ մասնաճյուղը փակ է, վարկերի վճարման հետաձգումներ մասնաճյուղի ծառայություններից օգտվող հաճախորդների համար չեն արվել։
«Շուտով Արտաշատի մասնաճյուղը կսկի գործել, երկու շաբաթը ավարտվել է, մեկուսացած աշխատակիցների թեստի արդյունքnերը բացասական են եղել»,- ասաց տնօրենը։
Ինչ վերաբերում է վճարման ուշացումների մասին քաղաքացիների դժգոհություններին, ապա, ըստ Ղոնջեյանի, երեկ երեկոյան Կենտրոնական բանկից պաշտոնական գրություն են ստացել, ըստ որի, մարտ, ապրիլ, մայիս ամիսների վճարումների ուշացումները չեն ուղարկվելու ԿԲ։
«Քանի որ որոշումը նոր է, մենք պետք է կապվենք ու հասկանանք, թե արդեն ուղարկված ուշացումները ո՞նց ենք համակարգից հեռացնելու»,- ասաց նա։
Ղոնջեյանի խոսքով, իրենք որոշ դեպքերում զիջումների են գնացել։ Թե քանի ուշացում է եղել Արտաշատի մասնաճյուղի կողմից սպասարկվող քաղաքացիների կողմից, կազմակերպության տնօրենը տվյալներ չունի։
Նրա խոսքով, դժգոհություն ունեցել են նաև այն քաղաքացիները, որոնք վճարումը կատարել են տերմինալների միջոցով, բայց կազմակերպությւոնը չի կարողացել վերադարձնել մասնաճյուղում գրավադրված ոսկին։
«Բայց մենք ախտահանում կազմակերպեցինք, որ կարողանանք վերադարձը կազմակերպել»,- նշեց նա։