Ֆրանսիայի ուսուցիչների արհմիությունը դեմ է դպրոցների վերաբացմանը
Հայտարարելով խիստ կարանտինի մեկ ամիս ևս երկարացնելու մասին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնեց, որ ուսումնական հաստատությունները պետք է վերաբացվեն մայիսի 11-ից հետո:
Այժմ ֆրանսիացի աշակերտները պետք է սովորեն ուսուցիչների կողմից տրված տնային հանձնարարություններով՝ ծնողների հսկողության ներքո: Բայց ոչ բոլոր մեծահասակները կարող են ժամանակ հատկացնել դրա համար, և ոչ բոլոր ընտանիքներն ունեն հնարավորություն՝ սովորելու առցանց, և, հետևաբար, նրանք անհամբեր սպասում են դպրոցների ու նաև մանկապարտեզների վերաբացմանը։ Այս մասին գրում է Euronews-ը։
Սակայն, Ֆրանսիայում ուսուցիչների արհմիությունները դեմ են նախագահի ծրագրին:
Ուսուցիչների արհմիության անդամ Մաթիլդա Էյզենբերգն էլ հայտնել է՝ պնդում են, որ ստեղծված պայմաններում իրենք մայիսի 11-ից հետո չեն վերադառնալու դասերի:
«ԿԳՆ առողջապահության և անվտանգության կոմիտեն խորհուրդ է տվել, որ բոլորն անցնեն կորոնավիրուսային թեստ՝ նախքան դասերը վերսկսելը: Սա մեր հիմնական պայմանն է: Դրանից հետո մենք կորոշենք՝ վերադառնալ դպրոց` համապատասխան պաշտպանիչ միջոցներով»,-ասում է արհմիությունը:
Ֆրանսիացի բժիշկները ևս նշում են, որ իրենք նույնպես գերադասում են չշտապել որևէ ժամկետ սահմանելու հարցում: Բայց, մյուս կողմից, երեխաների՝ դասերին վերադառնալու օգուտները, ըստ նրանց, անհերքելի են: