Առաջարկվում է «Հ1»-ով 18.00-00.00 ժամանակահատվածում սոցիալական գովազդը վճարովի դարձնել
«Նախատեսում ենք հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամի ընթացքում մինչև 5 րոպե գովազդ հեռարձակելու իրավունք»,- խորհրդարանում ասաց արդարադատության նախարարի տեղականլ Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Դանիելյանի խոսքով, միաժամանակ պահպանվում են մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ժամանակ հովանավորների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն հրապարակելու հանրային հեռուստաընկերության իրավունքը։ Այս տեղեկատվությունը չի կարող գերազանցել հաղրոդման տևողության 2.5 րոպեն։
«Կրագավորում են նաև սոցիալական գովազդի հետ կապված իրավահարաբերությունները, մասնավորապես սահմանվում է, որ սոցիալական գովազդը 00.00-ից մինչև 18.00 իրականացվելու է անվճար, իսկ 18.00-00.00 ժամանակահատվածում` վճարովի։ Միաժամանակ, ակնկալվում է, որ նախագծի ընդունումը նպաստելու է նաև գովազդի շուկայի ազատականացմանը»։
Բացի այդ, արգելվելու է հանրային հեռուստատեսությամբ ցուցադրել վիճակախաղի, ինտերնետ շահումով խաղերի և գիշերային ակումբների գովազդները։
«Մենք առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ օրինակ, խաղատան վերաբերյալ գովազդը արդեն իսկ մասնավոր հեռուստաընկերությունների դեպքում արգելված է, հետևաբար ընտրել ենք գործունեության այն տեսակները, որոնց գովազդներն արգելված չեն մասնավոր ընկեությունների համար»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը տեղեկացրեց, որ գլխադասային հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է տվել նախագծին.
«Ուզում եմ շեշտել, որ օրենքը նպատակ չունի մրցակցային միջավայր ստեղծել հեռուստաալիքների համար։ Նախագծի նպատակն է, որ հեռուստաալիքների վերաբերյալ գովազդային շուկան մեկ հոգու կողմից չտնօրինվի։ Այս դեպքում գովազդի գնի տրամաբանությունն էլ կփոխվի՝ հօգուտ հեռուստաալիքների»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն էլ հայտնեց, որ նախագծի ընդունումը բխում է նաև գովազդատուների շահերից։
«Գովազդատուներն այժմ ստիպված ընդունում են խաղի այն կանոնները, որոնք թելադրվում են մեկ խաղացողի կողմից։ Այսօր մենք հնարավորություն ենք տալիս և՛ գովազդատուներին, և՛ գործակալություններին ձևավորել գովազդային քաղաքականություն, պարտադրված չլինել մեկ աղբյուրից կառավարվելու»,- ասաց Բեղլոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի