«Ժողովուրդ». Սիսիանի ոստիկանապետի գործողությունների մասով գործի քննությունը ինչ ընթացք ու ավարտ կունենա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սյունիքի մարզի Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի գործողությունների մասով քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 4-ին Սիսիան քաղաքում ոստիկանները կանգնեցրել էին ավագանու անդամներից մեկին, պահանջել տեղաշարժի թերթիկ։ Որոշ ժամանակ անց, Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանը և մի քանի ոստիկաններ գնացել էին քաղաքացու աշխատանքի վայրը և ծեծի ենթարկել նրան, հորը և բարեկամին, ով փորձել էր նկարահանել ոստիկանների անօրինական գործողությունները: Ավելին` նրանից խլել էին հեռախոսը և մինչ այս պահը չեն վերադարձրել։
Դրանից երկու օր անց` ապրիլի 6-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Գառնիկին բերման են ենթարկել ոստիկանության Սիսիանի բաժին գողության կասկածանքով: Ըստ քաղաքացու, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ իր աշխատասենյակում, ծեծի է ենթարկել իրեն` պահանջելով տալ խոստովանական ցուցմունք։
Եվ առաջին, և երկրորդ դեպքերով քաղաքացիները բողոք էին ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որտեղ, ինչպես փոխանցեցին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, բողոքների մասով քրեական գործ է հարուցվել։ Թե ինչ ընթացք ու ավարտ կունենա քննությունը, դեռ վաղ է ասել»:
Մանրամասները թեթրի այսօրվա համարում: