Երեմ Սարգսյանը պատրաստակամ է հանդիսանալ դատավոր Ազարյանի փաստաբանը և նույնը կոչ է անում գործընկերներին
Փաստաբանը Երեմ Սարգսյանը հայտարարել է դատավոր Ալեքսանդր Ազարյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամության մասին։ Նա կարծում է, որ բազմաթիվ փաստաբանների ներկայությունը նիստին և ԲԴԽ շենքի դիմաց լուրջ ազդակ է, որ այս խնդրով դեռևս իրական մտահոգ անձինք առկա են։
«Ես չգիտեմ, թե ինչու են կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, բայց մի բան հաստատ գիտեմ՝ նա բացառիկ պրոֆեսիոնալ, բացառիկ օբյեկտիվ, արդար, կարգապահ և օրինակելի դատավոր է: Ամենայն անկեղծությամբ, ՀՀ-ն միայն շահած կլիներ, եթե նման դատավորի նկատմամբ ոչ թե կարգապահական վարույթ հարուցեին, այլև՝ խրախուսեին /պատճառներ շատ կան, որոնք չեն նկատվում/, որպեսզի նրա օրինակը վարակիչ լիներ:
Անհերքելի է նաև, որ նրա նկատմամբ իշխանական որոշ շրջանակներում ակնհայտ բացասական վերաբերմունք է առկա, ինչը չեն էլ թաքցնում, որից ելնելով էլ փորձ է արվում ճնշել նրան, առանց հաշվի առնելու, որ Ազարյանն արդեն իսկ ապացուցել է, որ ճնշվող տեսակ չէ: Իսկ եթե գիտեն, որ ճնշումն ապարդյուն է, սակայն, այնուամենայնիվ, նման քայլի են գնում, ապա սա արդեն հասարակ վրեժ է, որը միայն ամոթի է արժանի:
Ի տարբերություն անկախ, օբյկետիվ և անվախ Ազարյանի և նրա նման դատավորների, իշխանության համար հաճելի, յուրային, սակայն կամակատար դատավորները նրանց անմիջական պաշտպանության ներքո են և նույն վարույթ հարուցողները նույնիսկ պատրաստ են իրենց մասնագիտական գիտելիքները նսեմացնելու գնով պաշտպանել նրանց և կարգապահական վարույթ հարուցելու դիմումների վերաբերյալ գրավոր պատասխանել, որ խախտումներ չեն տեսնում /անհրաժեշտության դեպքում փաստերով կներկայացնեմ/:
Եթե չլիներ այս բացահայտ ատելությունը, կողմնապահությունը և այլն, ապա գրեթե ոչ ոք այս կարգապահական վարույթի հարուցմանն ուշադրություն չէր դարձնի և այն սովորոկան ընթացքով կքննվեր, սակայն նման պայմաններում սա անթույլատրելի է, ուստի իրական արդարադատությամբ շահագրգիիռ յուրաքանչյուր անձ պարտավոր է պայքարել նման երևույթների դեմ:
Հենց նշվածից ելնելով էլ պատրաստակամ եմ կարգապահական վարույթի քննության ընթացքում հանդիսանալ դատավոր Ազարյանի փաստաբանը /եթե վերջինս համաձայնվի/ և նույն կոչն էլ անում եմ իմ գործընկերներին:
Իհարկե, պարոն Ազարյանն իր պրոֆեսիոնալիզմից ելնելով, վստահաբար, փաստաբանի կարիք չունի, սակայն բազմաթիվ փաստաբանների ներկայությունը նիստին և ԲԴԽ շենքի դիմաց լուրջ ազդակ է, որ այս խնդրով դեռևս իրական մտահոգ անձինք առկա են և ամեն ինչ չէ, որ կարելի է անել»,-գրել է Երեմ, Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր՝ կարգապահական վարույթի շրջանակներում հանդիսանալու է պարոն Ազարյանի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ խոսքը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի մասին է։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով, նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից՝ ապրիլին:
«Մեր տեղեկություններով՝ կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:
Արձանագրենք, որ Ալեքսանդր Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. ապրիլի 14-ի դրությամբ՝ նա կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 53 միավորով:
Չնայած այդ հանգամանքին՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներ են եղել 2018թ օգոստոսին կայացված դատական ակտից հետո, որով արձանագրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել և վերացրել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը։
Ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը»,-գրել է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչը Տիգրան Աթանեսյանն է
- 168.am-ի տեղեկություններով` կարգապահական վարույթ է հարուցվել Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ
- Հրաժարական կտամ երկու պայմանով. դատավոր Ալեքսանդր Ազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան