Մեր իշխանությունն անգիր գիտի՝ հավաքարարից մինչև առաջին բիզնեսմենը ինչքան փող ունեն բանկերում. Էդմոն Մարուքյան
«Մենք ապրում ենք մի ժամանակահատված, երբ իշխող քաղաքական թիմը ցուցաբերում է զրոյական հարգանք մարդու անձնական տիրույթի հետ կապված»,- ԿԲ նախագահի ընտրության ժամանակ ԱԺ-ում հայտարարեց Էդմոն Մարուքյանը և ճշտեց, որ խոսքը գնում է բնակային գաղտնիքի մասին, որը համարվում է մարդու անձնական ֆինանսական տիրույթի հարց:
Պատգամավորը նկատեց, որ նախկին իշխանություններն ապօրինություն էին անում, որպեսզի իմանան բանկերում մարդիկ ինչքան փող ունեն, իսկ այսօրվա իշխանությունը չի ուզում ապօրինություն անել և ընդունում է օրենքներ և դրա միջոցով է անում:
Այս նախաբանից հետո պատգամավորը հարց ուղղեց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին, թե ԿԲ-ն որպես ֆինանսական փաստաթղթերին կարծիք ներկայացնող ինստիտուտ, ինչպե՞ս է պահելու բանկային գաղտնիքը, որպեսզի իր քաղաքականությամբ ներդրողներին համոզի, որ Հայաստանում անվտանգ է ներդրում անելը:
«Վերջապես տարիներով ժողովրդին լոբբինգ ենք արել, որ ժողովուրդ ջան, փողերը տանը մի պահեք, բանկերում դրեք: Մեկ էլ տեսնում ենք, որ մեր իշխանությունն անգիր գիտի, թե հավաքարարից մինչև առաջին բիզնեսմենն ինչքան փող ունեն բանկերում: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի քաղաքացիների բանկային գաղտնիքները լինեն պաշտպանված»,- հարցրեց պատգամավորը:
Մարտին Գալստյանը չցանկացավ մտնել նման երկխոսության մեջ, քանի որ այն իրավապահ մարմինների հարց է և պատասխանեց միայն հարցի բանկային գաղտնիքի հատվածին. «Բանկային գաղտնիքի մասով իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ այն օրենքը, որն այսօր նախագահի կողմից ուղարկվել է Սահմանադրական դատարան, ունի հստակ իրավակարգավորումներ»:
Ըստ ԿԲ նախագահի թեկնածուի, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում հստակ նշված է այն գործերի շարքը, որոնցով կարելի է բանկային գաղտնիքի ստացման գործողություններ սկսել: Դրա համար գլխավոր դատախազը պետք է միջնորդություն ներկայացնի դատարան, ունենա դատարանի վճիռ, նոր կարողանա այդ գործերի շրջանակում գնա բանկային գաղտնիքի հետևից՝ ապացուցելով, որ այն վերջին ատյանի գործողություն է:
Պատասխանի վերջում Մարտին Գալստյանը հորդորեց քիչ հայտարարել բանկային գաղտնիքի թուլացման մասին, դրանով համակարգին վնաս է տրվում:
Էդմոն Մարուքյանն էլ նկատեց. «Ես հիշեցի, մեր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր. «Ասում եք տնտեսական ճգնաժամ է, մի ասեք, լռեք, սուս մնանք՝ չի գա»: Եթե թուլացել է, ասում ենք թուլացել է: Եթե չի թուլացել, ինչո՞ւ նախկին իրավակարգավորումները վերացվեց: Ոչ մի քրեական գործով չանցնող մարդու դեպքում, ինչու պետք է պետությունը մտնի նրա բանկային հաշիվներում տեսնի, թե ինչ կա: Դրա միջոցով էլ իմանալու է, թե երրորդ անձինք ինչ գումար են փոխանցել իրեն, ինչ են անում»:
Պատգամավորը հիշեց, որ երբ կառավարությունում հարցը քննարկվում էր, վարչապետն ասել է. «Դե բախտի բան է, երբ որ մեկի հեռախոսը լսում են, իսկ մյուսը զանգում է՝ իրեն էլ են լսում»:
Նկատելով, որ հումորով ստացվեց, բայց ոլորտում չի կարելի հումորով առաջ գնալ՝ ընդդիմադիր պատգամավորը ցանկացավ, որ ԿԲ նախագահի թեկնածուն երաշխիք տաք՝ բանկային գաղտնիքը չի թուլացվի, եթե թուլացվել է, ապա միջոցներ կձեռնարկի:
«Մենք բազմիցս մեր դիրքորոշումը հայտնել ենք, որի արդյունքում այդ ֆիլտրներն այսօր դրված են: Քանի որ մենք Ֆինանսական կայունության պատասխանատուն ենք՝ կարծում ենք, որ այս պահին ֆինանսական կայունության վտանգ չունենք»,- պատասխանեց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը: