1 տրլն-ի հասնող սպառողական վարկերի ծավալը մտահոգել է «Լուսավոր Հայաստան»-ին
«ԿԲ-ի հիմնական նպատակների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է երաշխավորել նրա անկախությունը: Բոլոր ժամանակներում կառավարությունները միշտ ցանկություն են ունեցել ազդել և միջամտել ԿԲ-ի անկախությանը և շատ երկրներում, որտեղ ԿԲ-ները ձախողել են, պատճառը հենց դա է եղել»,- ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Շեշտելով՝ Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ վարչապետը դե ֆակտո երկրի ղեկավարն է և գործադիրից անկախ լինելը իրապես դժվար է՝ պատգամավորը ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանից ցանկացավ իմանալ, թե ինչ մեխանիզմներով է պատկերացնում բանկի գործունեության անկախության ապահովումը:
Գալստյանը պատասխանեց, որ1996 թվականի ԿԲ ռեֆորմի անկյունաքարային էլեմենտն անկախությունն է եղել:
«Երկրներ կան, որտեղ ԿԲ-ն ֆինանսների նախարարության դուստր ընկերությունն է: Այդ երկրներում քաղաքականությունն անարդյունավետ կլինի, որովհետև աշխարահի ցանկացած կառավարություն փորձելու է ծախսել ավելին, քան կարող է: Հայաստանում ստեղծված իրավիճակն ինձ համոզմունք է տալիս, որ մենք շարունակելու ենք լինել անկախ, որովհետև հայկական պետականության պատմության ընթացքում, երբևէ կաշկանդված չենք եղել, մեր դիտարկումներն անելուց և որոշումները կայացնելուց»,- պատասխանեց նա։
Անցնելով երկրորդ հարցին՝ Արկադի Խաչատրյանը նկատեց, որ մասնվոր պարտքի բեռի աճը գերտաքացած վիճակում է և այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն կա, քանի որ այն վատ է անդրադառնում տնտեսության վրա, իջեցնում է բիզնեսի ու հատկապես տնային տնտեսությունների վարկունակությունը:
Պատգամավորը հայտնեց, որ իր տվյալներով սպառողական վարկերը տրիլիոնն անցել են և դրանք ահագնացող շատ լուրջ թվեր են:
«Կարևորելով սպառողական վարկերը՝ այնուամենայնիվ նման հսկայական կշիռն ընդհանուր վարկերի ծավալներում և ոչ արտահանելի հատվածի մեծ ծավալը խոսում է տնտեսության անառողջ կառուցվածքի մասին, որը որևիցե ձևով մեզ բավարարել չի կարող»,- նշեց պատգամավորը և ցանկացավ իմանալ խնդրի ուղղությամբ ԿԲ-ի հնարավոր քայլերի մասին:
Ընդունելով, որ սպառողական և հիփոթեկային վարկերի երկնիշ և քառանիշ աճ է եղել՝ Մարտին Գալստյանը պատասխանեց. «Մենք բարձարաձայնել ենք այդ մտավախությունները և որոշել ենք, որ պատասխանատու վարկավորման կոմպոնենտ պետք է կիրառել: Կապիտալի պահպանման, համացիկլիկ և համակարգի բուֆերներ ենք նախատեսել ներդնել»:
ԿԲ նախագահի թեկնածուն տեղեկացրեց, որ մի բուֆերը ներդրված է, բայց ստեղծված իրավիճակում զերծ են մնում երկու բուֆերների ակտիվացումից, որվհետև այն երկրները, որոնք այդ բուֆերներն ակտիվացրել էին նախկինում, ճգնաժամով պայմանավորված այսօր հետ են գնում և թույլ են տալիս տնտեսության նոր վարկավորումներ:
Մարտին Գալստյանը հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ բազմաթիվ գործիքներ կան, որոնք ճգնաժամից հետո կկիրառվեն:
Հարակից հրապարակումներ`
- Մասամբ պաշտպանում եմ թեզը, որ մենք դատապարտված ենք լինելու ունենալ ցածր գնաճ. ԿԲ նախագահի թեկնածու
- Համոզված եմ, որ մենք հաջողելու ենք. ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյան
- Վարկի փաստացի տոկոսադրույքը պետք է լինի պայմանագրի առաջին էջում տեսանելի գրված. ԿԲ նախագահի թեկնածու
- Ո՞ր դեպքում գույքը կհամարվի ապօրինի ծագում ունեցող և կբռնագանձվի