Մասամբ պաշտպանում եմ թեզը, որ մենք դատապարտված ենք լինելու ունենալ ցածր գնաճ. ԿԲ նախագահի թեկնածու
«Ոսկին պետք է դիտարկել որպես ֆինանսական ակտիվ»,- խորհրդարանում ասաց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին։
Պատգամավորը նշել էր, որ տարիներ շարունակ խոսվում է ոսկու պաշարների մասին, սակայն վիճակագրությունը ԿԲ-ի կայքում չի երևում. «Ե՞րբ է փոխվելու ոսկու պաշարների մասին վիճակագրությունը»։
Մարտին Գալստյանը հայտնեց՝ ոսկին ակտիվ է, որն ունի գնային մեծ տատանողականություն, բայց զրո եկամտաբերություն։
«Այսինքն՝ ոսկով դրած դեպոզիտը երբևէ տոկոս չի բերում։ Այն մարդիկ, ովքեր կառավարում են մեր պահուստները, համոզված եմ՝ ունեն մասնագիտական փորձ՝ որոշելու ակտիվների այն բաղադրությունը, որը պետք է լինի պահուստների կազմում»,- ասաց ԿԲ նախագահի թեկնածուն։
Արձագանքելով, Արտակ Մանուկյանը տեղեկացրեց, որ տնտեսագետների մի խումբ ասում է՝ կորոնավիրուսից հետո լինելու է ցածր գնաճային միջավայր, մյուս խումբն էլ կարծում է՝ լինելու է դեֆլյացիա։
«Ձեր դիտարկումն այս հարցի շուրջ ինչպիսի՞ն է»,- հարցրեց պատգամավորը։
Պատասխաելով հարցին,Մարտին Գալստյանն ասաց, որ ինքը մասամբ պաշտպանում է Լարի Սամերսի թեզը, որ աշխարհն էլ նույնը չի լինելու, և այսուհետև մենք դատապարտված ենք լինելու ունենալ ցածր գնաճ, որովհետև տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ։
«Գնաճի թիրախի նվազեցման վերաբերյալ աշխատանքներն ընթացքի մեջ են, և եթե այս ամենը տեղի չունենար, կարծում եմ՝ այս պահին արդեն քննարկումներ կլինեին՝ գնաճի թիրախն իջեցնելու վերաբերյալ»,- ասաց նա։
Արտակ Մանուկյանը նաև հարցրեց՝ ժամանակը չէ՞, որ իրական ՀՆԱ-ն թիրախավորվի, որին ի պատասխան Մարտին Գալստյանն ասաց, որ կարծում է՝ ոչ։
Պատգամավորը հիշեցրեց նաև, որ տարեկան բյուջեի վերաբերյալ ԿԲ-ն միշտ դրական եզրակացություն է տալիս, ապա հարցրեց՝ ո՞րն է այն ցուցանիշների համախումբը, որ կարող է մի տարի էլ ԿԲ-ն բացասական եզրակացություն տա. «Այսինքն՝ միշտ դրական եք տալիս, բայց խնդիրներ կան, որ մենք ակնկալում ենք՝ պետք է լուծվեն Ձեր միջոցով»։
ԿԲ նախագահի թեկնածուն պատասխանեց, որ այս տարվա բյուջեի եզրակացության մեջ բավականին մեծ տեղ է տրամադրվել հարցին, որ կապիտալ ծախսերը չեն արվել այն չափով, որով պետք է արվեին։
«Գիտեք, որ կապիտալ ծախսերը մեր պոտենցիալ ՀՆԱ-ն են, այսինքն՝ եթե դրանք չեն իրականացվում, մենք այդտեղ ունենք խնդիր ապագայի ՀՆԱ-ի և այսօրվա գնաճի հետ։ Կարծում եմ՝ մեր եզրակացության մեջ այդ հարցը հնչեցվել է։ Պիտի ավելի անխնա քննադատության ենթարկե՞նք, չգիտեմ, ոճի հարց է։ Բայց մեր համար ամենակարևոր խնդիրները մենք ներկայացրել ենք»,-եզրափակեց խոսքը Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան