Վարկի փաստացի տոկոսադրույքը պետք է լինի պայմանագրի առաջին էջում տեսանելի գրված. ԿԲ նախագահի թեկնածու
«Բանկային համակարգում էֆեկտիվ տոկոսադրույքը 24 տոկոսը չի գերազանցում. այս պահին այդ տոկոսադրույքը մոտ է 20 տոկոսին»,- խորհրդարանում ասաց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին։
Պատգամավորը նշել էր, որ երկրում կա ծայրահեղ աղքատություն, և բանկերը դարձել են այդ աղքատությունը ֆինանսավորող ինստիտուտներ։
«Այսինքն՝ մարդիկ, չունենալով տնտեսության մեջ կայանալու հնարավորություն, դիմում են բանկերին և շատ հաճախ ֆանտաստիկ մեծ տոկոսադրույքով և բարձր ռիսկայնությամբ վարկեր են վերցնում, ինչն էլ իր հերթին ավելի է խորացնում իրենց աղքատությունը։ Ի՞նչ տեսլական ունեք Դուք այս խնդրի հետ կապված»,- հետաքրքրվել էր Ենգիբարյանը։
Մարտին Գալստյանը տեղեկացրեց, որ առողջ, կայացած և թափանցիկ բիզնեսներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքը շատ ավելի ցածր է։
«Այդ առումով մենք երևի շատ անելիքներ ունենք, որպեսզի ստեղծենք միջավայր՝ բիզնեսը բաց, թափանցիկ ու հասկանալի դարձնելու համար։ Այդ դեպքում մենք կունենանք աշխատող համակարգ, որի արդյունքում բանկերի կողմից վարկերի տրամադրման ռիսկերը կզսպվեն ու վարկերի տոկոսադրույքները կլինեն շատ ավելի ցածր»,- ասաց Գալստյանը։
ԿԲ նախագահի թեկնածուն շեշտեց, որ վերջին տասը տարիների ընթացքում բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները անշեղորեն նվազել են.
«Վարկի տոկոսադրույքի հիմնական կոմպոնենտներից մեկը ավանդատուներին տրվող ավանդի տոկոսն է։ Այսինքն, մենք պետք է հասկանանք, որ խնդիրը երկու կողմ ունի, և քննարկելուց մյուս կողմն էլ պետք է դիտարկել»։
Գալստյանը ներկայացրեց նաև համակարգը զարգացնելու իր տեսլականը, այն է՝ ֆինանսական կրթության և գրագիտության ավելացում, ֆինանսական հասանելիության մեծացում, մրցակցության և դաշտի թափանցիկության ավելացում։
Արձագանքելով ասվածին՝ Վիկտոր Ենգիբարյանը նշեց՝ մարդկանց ֆինանսական գրագիտությունն իրոք կարևոր խնդիր է, բայց դա մեկ-երկու տարվա լուծելու հարց չէ.
«Բայց կուզենայի իմանալ՝ բանկերն ի՞նչ պատասխանատվություն ունեն այստեղ՝ պատշաճ խորհրդատվություն իրականացնելու համար։ Մարդիկ դիմում են բանկերին, վերջիններս էլ պետք է պատրաստ լինեն՝ միշտ չէ, որ իրենց դիմող քաղաքացիներն ունեն ֆինանսական գրագիտություն»։
Մարտին Գալստյանն էլ պատասխանեց, որ սպառողների պաշտպանությունը ԿԲ-ի կարևորագույն խնդիրներից մեկն է։
«Այդ դաշտում փոփոխություններ են արվել։ Բարդացնելով բանկերի կյանքը՝ ԿԲ-ն որոշում է ընդունել՝ ամեն սպառող պետք է ստորագրի, որ գիտի իր վարկի փաստացի տոկոսադրույքի մասին։ Վարկի փաստացի տոկոսադրույքը պետք է լինի պայմանագրի առաջին էջում տեսանելի գրված։ Այստեղ աշխատանքը մեծ է, բայց պետք է ոչ թե մարդկանց մոլորության մեջ գցելով պրոդուկտ վաճառել, այլ վարկի միջոցով տալ հնարավորություն ինչ-որ բան անելու»,- եզրափակեց խոսքը ԿԲ նախագահի թեկնածուն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան