ԿԳՄՍ նախարարությունը խուճապ է առաջացրել ուսուցիչների շրջանում. Սոֆիա Հովսեփյան
«Երեկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրաման է ուղարկել դպրոցներ, որտեղ ասել է, որ 2019-2020 թվականի երկրորդ կիսամյակի մատյանների ողջ տվյալները պետք է անցկացվեն էլեկտրոնային մատյանների մեջ, և այն պետք է արվի մինչև ապրիլի 20 -ը: Սա լուրջ խուճապ է առաջացրել կրթական համակարգում»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ բոլոր դպրոցների տնօրենները և ուսուցիչները գրում են, որ հնարավոր չէ դա անել և ինքը, որպես այդ ոլորտում երկար տարիներ աշխատած մարդ, կարող է ասել, որ մեկ կամ երկու օրում հնարավոր չէ այդ ծավալի գործընթացն ապահովել:
«Կապ հաստատեցի ԿԳՄՍ նախարարության հետ, որտեղից ասացին, որ այն ընդամենը մեկ օրվա գործ է և մեկ օրվա անելիք»,- հայտնեց պատգամավորը և կոչ ուղղեց նախարարության աշխատակիցներին. « Հարգելի նախարարության աշխատակիցներ, ցավով պետք է նշեմ, որ դա այդպես չէ և դուք չեք տեսնում, թե դպորցներում որքան ծանրաբեռնվածություն կա»:
Պատգամավորը խնդրեց, որ եթե հրատապ հարցեր կան՝10 օր շուտ հրամանները լինեն, քանի որ հեռավար կրթության պայմաններում ուսուցիչները բավականին ծանրաբեռնված են և անհրաժեշտություն չկա մեկ անգամ ևս ծանրաբեռնել նրանց:
«Ամենացավալին այն է, որ այն շղթայական գործընթաց է առաջացնելու՝ նախարարության հրամանը գնալու է կրթության վարչություն, այնտեղից ստիպելու են տնօրենին, տնօրենը ստիպելու է ուսուցչին: Կարծես թե մենք նորից մարդկանց մոտ այդ վախի մթնոլորտն ենք ստեղծելու՝ կարճ ժամանակում մեծ ծանրաբեռնվածություն առաջացնելով»,- եզրափակեց Սոֆիա Հովսեփյանը: