100 հազար թեստերի ռեագենտներ կհանձնվեն Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին
Երեկ Հայաստան է բերվել 100 հազար թեստերի ռեագենտներ։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Երեկ Չինաստանից ժամանած ևս մեկ ինքնաթիռով՝ Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների հետ կազմակերպած թռիքների արդյունքում ներկրել ենք 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին»,- ասաց նա։
Տ.Ավինյանի խոսքով, արդեն իսկ սկսելու են արտադրել ՊՇՌ թեստեր Հայաստանում ու ինքներս էլ սպառելու են այդ թեստերը։
Հիշեցնենք, որ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն ավելի վաղ հայտարարել էր. «Հաշվի առնելով կորոնավիրուսի զանգվածային թեստավորում անցկացնելու կառավարության նպատակը, առաջարկել ենք Հայաստանում ախտորոշիչ թեստեր արտադրել»։
Նրա խոսքով, թեստերի արտադրությունը լինելու է պետության ֆինանսավորմամբ և արդեն իսկ հայտնի տեխնոլոգիաների վրա, որոնք ընդունված են տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից՝ որպես վիրուսային հիվանդությունն ախտորոշելու ամենահարմար միջոց. «Ինստիտուտն ունի նմանատիպ աշխատանքների բավականին մեծ փորձ, գիտական և տեխնիկական ներուժ։ Մեր մոտ օգտագործվում են «ՊՇՌ» մեթոդները, և այդ փորձը մենք կներդնենք այս նախագծում»։