Չենք ուզում նորից հետ գնալ այն կետին, որ դանակահարություններ ու սպանություններ լինեն փողի համար. Գալստյան
«Մենք փորձում ենք գտնել լուծումներ, որոնք մարդկանց կբերեն ավելի պատասխանատու վարկավորման դաշտ»,- խորհրդարանում ասաց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվել էր, թե ԿԲ-ն անելիք ունի՞՝ կապված փոքր վարկային կազմակերպությունների հետ, որոնք հայտարարում են վարկի 23% տոկոսադրույք, բայց քաղաքացիները փաստացի վճարում են մինչև 150%:
«Այսինքն՝ հայտարարվում է 20% տոկոսադրույք, բայց գանձվում է սպասարկման վճար, որը շատ դեպքերում ավելին է, քան վարկի համար նախատեսվող տոկոսը, կամ տոկոսը հաշվարկվում է մայր գումարի վրա՝ անկախ նրանից՝ մայր գումարի մարում եղել է, թե ոչ»,- ներկայացրեց Գաբրիելյանը։
Մարտին Գալստյանն ասաց, որ ԿԲ-ն այդ առնչությամբ անելիքներ ունի։
«Սպառողի իրավունքի պաշտպանության տեսանկյունից, մենք համակարգում գործող բոլոր ֆինանսական կազմակերպություններին պարտադրում ենք բացահայտել այն ամենն, ինչ իրենք անում են։ Իրականում մարդիկ ի սկզբանե գիտեն, որ շատ բարձր տոկոսով «վատ» վարկ են վերցնում։ Ցանկացած վարկային կազմակերպության վեբ-էջը բացելիս առաջին հաղրոդագրությունը, որ գալիս է, հետևյալն է դու՛ք վերցնում եք շատ վատ պայմաններով վարկ, խնդրում ենք գիտակցել, որ դուք պիտի վճարեք շատ վատ պայմաններով վերցված վարկի համար։ Ու մարդիկ էլի շարունակում են գնալ այդ ճանապարհով»,- մեկնաբանեց ԿԲ նախագահի թեկնածուն։
Ըստ Մարտին Գալստյանի, հարցն ունի երկու լուծում՝ կա՛մ օրենսդրությամբ պետք է որոշակի սահմանափակումներ մտցնել դաշտում, կա՛մ էլ հասնել մի այնպիսի հասարակության, որ մարդը գիտակցված գնա վարկ վերցնելու քայլին՝ ունենալով բավարար ֆինանսական միջոցներ՝ իր պարտավորությունները պատշաճ սպասարկելու համար։
Արձագանքելով, Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ ծխախոտի վրա էլ է գրված՝ ծխելը վնասակար է առողջությանը, բայց մարդիկ էլի գնում են այն և օգտագործում։ Այդ պատճառով որոշ օրենսդրական նախաձեռնություններով ևս փորձում են ծխախոտի օգտագործումը կանխել.
«Դուք ասում եք՝ քաղաքացիները տեղյակ են վարկային պայմաններից, բայց այստեղ շատ կարևոր բան կա՝ այդ կազմակերպություններին դիմողները ֆինանսական ավելի ծանր պայմաններում գտնվող քաղաքացիներ են և ստիպված են գնում այդ քայլին։ Հիմա մեր անելիքը ո՞րը պետք է լինի, որ զսպենք այդ վարկային կազմակերպությունների ախորժակը»։
Մարտին Գալստյանն էլ վստահեցրեց՝ իրենք ջատագովն են այն սկզբունքի, որ մարդուն վարկ տրամադրելուց առաջ ֆինանսական կազմակերպությունները պետք է գնահատեն՝ մարդն ի վիճակի է վճարումներ անելու, թե ոչ.
«Այսինքն՝ մարդու եկամտի ու վարկի մարման ամսական գումարի ինչ-որ հարաբերակցություն պետք է լինի։ Այդ ձևով սահմանափակելուն, բնականաբար, կողմ ենք»։
Ինչ վերաբերում է վարկային կազմակերպություններին, ԿԲ նախագահի թեկնածուն ասաց, որ դրանք որոշակիորեն հասանելիություն են ապահովում։
«Այո, մարդիկ 10 հազար դրամ վերցնում են, հետո պետք է ամսական 2 հազար դրամ տոկոս վճարեն։ Բայց ենթադրենք, այդ պահին մարդն ունի գումարի կարիք և պատրաստ է վճարել սահմանված տոկոսը։ Հիմա եթե մենք մարդկանց այդ հնարավորությունից զրկենք, նրանք գնալու են ինչ-որ խմբերի ճիրանում հայտնվեն։ Մենք այդտեղից ենք եկել, և չենք ուզում նորից հետ գնալ այն կետին, որ դանակահարություններ ու սպանություններ լինեն փողի համար»,- եզրափակեց խոսքը Մարտին Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մասամբ պաշտպանում եմ թեզը, որ մենք դատապարտված ենք լինելու ունենալ ցածր գնաճ. ԿԲ նախագահի թեկնածու
- Համոզված եմ, որ մենք հաջողելու ենք. ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյան
- Վարկի փաստացի տոկոսադրույքը պետք է լինի պայմանագրի առաջին էջում տեսանելի գրված. ԿԲ նախագահի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան