Վարկի փաստացի տոկոսադրույքը վարկառուն պայմանագրում ձեռքով կգրի. Օրենքի նախագիծ
«Առաջարկում ենք, որ վարկառուն իր ձեռքով գրի և վերահաստատի վարկի փաստացի տոկոսադրույքը»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով «Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Պատգամավորի խոսքով, իրենք ի սկզբանե քննարկել են ֆինանսական կազմակերպությունների սահմանած տոկոսադրույքների՝ վերևից սահմանման մասին, սակայն դա այդքան էլ ռացիոնալ գործիք չէ։
Ըստ Մանուկյանի, առաջարկվող նախագիծը նրա համար է, որ վարկի փաստացի տոկոսադրույքը ձեռքով գրելով վարկառուն վերահաստատի՝ գիտակցում է, թե ինչ տոկոսադրույքով է վերցնում վարկը։
«Սա հավելյալ ազդակ է, որ վարկառուն հասկանա՝ ինչ բեռ է ստանձնում։ Հասկանում ենք, մարդը խուճապահար կարող է գնալ վարկ վերցնելու, որ դեղ գնի, իսկ այս փաստացի տոկոսադրույքը ձեռքով գրելը կարծես ևս մեկ ֆիլտր է, որ մարդուն հնարավորություն է տալիս հասկանալ՝ ինչ բեռի տակ է ինքը մտնում»,- տեղեկացրեց Մանուկյանը։
Պատգամավորը նշեց նաև, որ 3 ամիս և պակաս ժամկետով մինչև 300 հազար դրամ սպառողական վարկերի դեպքում առաջարկում են իրականացնել նաև սպառողի վարկունակության ուսումնասիրություն։
«Սա պետք է արվի, որ երևա՝ վարկառուն ունի՞ եկամուտ, թե՞՝ ոչ։ Ակնհայտ է, որ մեր հասարակության մի խավը նստած է վարկային ասեղի վրա»,- շեշտեց Մանուկյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով Արտակ Մանուկյանին ասաց՝ լավ բան եք մտածել։
«Աա նաև վարկառուների շահերից բխող քայլ է։ Կարծում եմ մոտ ապագայում ավելանալու է վարկառուների թիվը, էս առումով, այո, մարդը կիմանա՝ ինչ է ստանձնում։ Բայց էդ ձեռագիր գրելը ո՞նց ենք պատկերացնում»,- հարցրեց Մելքումյանը։
Արտակ Մանուկյանն էլ պատասխանեց՝ այս ինստիուտը այժմ էլ ԿԲ կանոնակարգերով կա, երաշխավորության պարագայում ձեռագրով գրելու գործընթացը կա, և կարծես թե որևէ վարչարարական բեռ չի ավելանում։