«Մի կողմից տնտեսական հեղափոխություն ենք անում, մյուս կողմից օտարերկրյա ներդրումները երկու անգամ՝ 45 տոկոսով նվազում են». Միքայել Մելքումյան
«Այսօր 5.5-6 տրիլիոն դրամի համախառը ներքին արդյունք ունենք, մոտ 14 մլրդ դոլարի կարգի: Բայց 3.6 տրիլիոն դրամի մենք վարկեր ունենդ և դրանից մի քանի՝ 200-300 մլրդ դրամով պակաս ավանդներ»,- այսօր ԱԺ-ում ԿԲ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը եզրակացրեց, որ այս ցուցանիշը փաստում է, որ բանկային համակարգի դերը տնտեսության ձևավորման հարցում սկսել է խաղալ վճռական նշանակություն:
«Սա նշանակում է, որ բանկային համակարգը գեներացնում է կյանքի ռիթմը, սա նշանակում է, որ ոչ բանկային համակարգով շրջանառությունն ավելի քիչ կշիռ ունի»,- նկատեց պատգամավորը:
Մելքումյանը հետաքրքրվեց, թե 560 հազար սպառողական վարկերի ճակատագիրը ինչ է լինելու ճգնաժամի պայմաններում, քանի որ քաղաքացիներն այդ վարկերը չեն վերցրել բիզնեսի համար՝ այլ սոցիալական հարցեր լուծելուն:
Բանախոսը գտնում է որ ԿԲ-ն էական դեր պետք է ունենա ներդրումների խնդրի կարգավորման մեջ: Տեղեկացնելով, որ վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալներ, որոնք մտահոգիչ են՝ Մելքումյանը հայտարարեց. «Մի կողմից տնտեսական հեղափոխություն ենք անում, մյուս կողմից օտարերկրյա ներդրումները երկու անգամ՝ 45 տոկոսով նվազում են: ԿԲ վերլուծական բլոկը ուժեղ է և այդ հարցի պատասխանը պետք է տրվի»:
Ըստ Մելքումյանի, շատ տարօրինակ բան կստացվի, երբ արտասահմանյան ներդնողը վերցնի մեր վիճակագրական տվյալները և տեսնի, որ 2019 թվականի ապրիլի 5-ին ներդրումների ծավալը եղել է 111 մլրդ դրամ, իսկ այսօր այն կազմել է 74.8 մլրդ դրամ:
Պատգամավորը տեղեկացրեց, որ դիմել է Վիճակագրական կոմիտե, որտեղից իրեն ուղղորդել են ԿԲ՝ ասելով որ Հայաստանում գործող խոշորագույն ընկերությունները հաշվեգրել են ներդրումներ, բայց հետո բաժնետերերի խորհուրդը որոշում է ընդունել այդ գումարները Հայաստանից դուրս հանել:
«Այս հարցերը պետք է լուծել: Ներդրումների քաղաքականությունն ասվալտին ինչ- որ ձևով փռելը, դրան ռեակացիա չտալը լավ բան չէ: Ստվերային տնտեսությունը, ՀԴՄ-ները խփելը իր սահմանները ունի, դա վերջանալու է և դրանից հետո պետք է նոր ճանապարհով գնանք»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը:
ԿԲ նախագահի գաղտնի ընթացակարգով քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը10:30-ից և 12:30-ը: Համաճարակով պայմանավորված՝ պատգամավորները պետք է քվեարկությանը մասնակցեն իրենց գրիչներով և չկուտակվեն քվեատուփի մոտ: