ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին:Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն:
Ընդգծելով համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը նամակում, մասնավորապես, նշել է.
«Միջազգային աջակցությունը հավասարապես կարևոր է հակամարտությունների արդյունքում խոցելի դարձած մարդկանց համար: Այս առումով առանձնահատուկ կարևոր է ՄԱԿ մասնագիտական կառույցների, և առաջին հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությունը և հասանելիությունը հակամարտությունից տուժած տարածաշրջաններում բնակվող մարդկանց: Հայաստանը պատրաստակամ է տրամադրել անհրաժեշտ բոլոր պայմանները ՄԱԿ համապատասխան մարմինների անխաթար աշխատանքի իրականացման համար՝ անկախ տարածքի կարգավիճակից»:
«Այս համավարակը մեծ մարտահրավեր է մարդկության համար, մինչդեռ այն հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը կարող են նոր լիցք հաղորդել բազմակողմ համագործակցությանը, պատերազմներից և թշնամանքից զերծ, ներառական աշխարհ ստեղծելու համատեղ ջանքերին: Աղետի կանխարգելմանը, թուլացմանը և կառավարմանն ուղղված վստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկումը այս դժվարին ժամանակներում պետք է դիտարկվի որպես հնարավորություն բոլոր ժողովուրդների, այդ թվում հակամարտության կողմերի համար»,- գրված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան