Ներքնաշորեր արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ
Կառավարությունը բավարարել է «Արմտեքս գրուպ» ՍՊԸ ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու և ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից օգտվելու համար:
Կառավարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, Գյումրիում գործող ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է տրիկոտաժի (ներքնաշորեր, գիշերանոցներ) արտադրության համար:
«Արմտեքս գրուպ»-ը 2019 թ.-ին կառավարության համապատասխան որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրել է 450 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և ստեղծել 15 նոր աշխատատեղ:
Նոր ծրագրով նախատեսում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում՝ հումքի, իսկ մնացած մասը գործարանի վերանորոգման և նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 113 աշխատատեղ, նախատեսում է ստեղծել 15 նոր աշխատատեղ (18 ամիսների ընթացքում)` 95,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 145.8 մլն դրամ, որից 100 մլն դրամի արտադրանքը կիրացվի Կանադայում, 45.8 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 754.5 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 60.4 մլն դրամ: