Փաշինյան. Գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին
«Այս պահին ունենք կայուն, հուսալի վիճակ։ Գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին, բացի մի քանի ապրանքատեսակներից։ Մենք ապրանքների դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, այս ընթացքում Վրաստանի ու Ռուսաստանի գործընկերների հետ համագործակցության արդյունքում կարողացել են լուծել Հայաստանից բնականոն արտահանումների խնդիրը, ներմուծումները խնդիր չեն եղել։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ Հայաստանի առաջադրած հարցերին արագ արձագանքելու ու լուծումներ տալու համար։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ Վերին Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մեկուսացումից հետո անցել է իր պարտականությունների լիարժեք կատարմանը։
«Մինչ այդ էլ պարտականությունները կատարել է հեռահար օժանդակողների միջոցով, արտգործնախարարության մեր գործընկերները նրա հետ սերտ համագործակցել են այդ հարցում։ Կարանտինից դուրս է եկել»,- ասաց Անանյանը՝ ավելացնելով, որ թիմային համագործակցությամբ նորմալ գնում են առաջ։