Մոտավորապես 525 հազար վարկ է վերանայվել և հետաձգվել բանկերի կողմից. ԿԲ նախագահի թեկնածու
«Այս պահին բանկերն աշխատում են գերծանրաբեռնված. մարդկանց գերակշիռ մասն աշխատում է տնից»,- խորհրդարանում ասաց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին։
Պատգամավորը մտահոգություն էր հայտնել, որ առևտրային բանկերի կողմից ուշանում է գյուղատնտեսական վարկերի տրամադրումը. «Ռեալ սեկտորին գումարի տրամադրումն ակնհայտորեն ուշանում է առևտրային բանկերի կողմից։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ԿԲ-ն ունի որոշակի լծակներ՝ ազդելու առևտրային բանկերի վրա։ Մեզ պարբերաբար դիմում են ֆերմերները, որ առևտրային բանկերը բյուրոկրատական քաշքշուկներ են ստեղծում։ Ի՞նչ է անելու ԿԲ-ն այս առումով»։
Գալստյանը տեղեկացրեց, որ այս պահին մոտավորապես 525 հազար վարկ է վերանայվել և հետաձգվել բանկերի կողմից։
«Վերանայված վարկերից 514 հազարը վերաբերում է ֆիզիկական անձանց։ Մեր հաշվարկներով մոտավորապես 380 հազար մարդու է դա վերաբերում»,- շեշտեց ԿԲ նախագահի թեկնածուն։
Ինչ վերաբերում է կառավարության՝ բանկերի միջոցով իրականացրած ծրագրերին, Մարտին Գալստյանը տեղեկացրեց՝ երկրորդ միջոցառման շրջանակում արդեն 1126 վարկի հայտ է հաստատվել։ Ընդհանուր առմամբ, առաջին և երկրորդ ծրագրերով արդեն տրվել է 12 մլրդ դրամ գումար։
«Կարո՞ղ ենք ակնկալել, որ բանկերը կաշխատեն ավելի շատ, պետք է հարցին նայել եռակողմ. ամեն օր ԿԲ նախագահը և թիմի մի քանի այլ անդամներ առևտրային բանկի ղեկավարների հետ ունենում են տեսակապեր և քննարկում կառավարությունից եկող ազդակները։ Այդտեղ մենք ավելի շատ կատարում ենք կամրջի ֆունկցիա, ու փորձում ենք ընդհանուր ծրագրի էֆեկտիվությունը բարձրացնել»,- ասաց Գալստյանը։
Արձագանքելով, Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ Սյունիքից երեկ ահազանգել են, որ նույնիսկ գերազանց վարկային պատմություն ունեցողներին գումար տրամադրելու գործընթացը բանկերից մեկը ձգձգում է։
ԿԲ նախագահի թեկնածուն էլ խնդրեց անձամբ իրեն փոխանցել ահազանգերը, որ իրենք բանկի հետ հասկանան՝ իրականում ինչ է կատարվել։
Հարակից հրապարակումներ`
- Չենք ուզում նորից հետ գնալ այն կետին, որ դանակահարություններ ու սպանություններ լինեն փողի համար. Գալստյան
- Մասամբ պաշտպանում եմ թեզը, որ մենք դատապարտված ենք լինելու ունենալ ցածր գնաճ. ԿԲ նախագահի թեկնածու
- Համոզված եմ, որ մենք հաջողելու ենք. ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյան
- Վարկի փաստացի տոկոսադրույքը պետք է լինի պայմանագրի առաջին էջում տեսանելի գրված. ԿԲ նախագահի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան