Ես բացարձակ խնդիր չունեմ և ոչ մի բանով կաշկանդված չեմ. Գալստյան
«Կա՞ առարկայական ինչ-որ բան, որը ԿԲ տիրույթում է և արվել է քրեորեն պատժելի ձևով»,- խորհրդարանում ասաց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին։
Պատգամավորի նշել էր, որ շատ են խոսակցությունները՝ ԿԲ-ում չարաշահումների վերաբերյալ։
«Պաշտոնն ստանձնելուց հետո արդյոք Ձեր նախկին աշխատանքային փորձը և հարաբերությունները գործընկերների հետ չեն խոչընդոտելու, որ Դուք բացահայտեք այն չարաշահումները, որոնք եղել են: Դուք, ստանձնելով պարտականությունները, պատրա՞ստ եք անաչառ բացահայտել բոլոր չարաշահումները»,- հարցրեց պատգամավորը:
Պատասխանելով հարցին՝ Մարտին Գալստյանը խնդրեց առարկայական ինչ-որ դեպք ներկայացնել։
«Այսինքն՝ կա՞ առարկայական ինչ-որ բան, որը ԿԲ տիրույթում է, ԿԲ-ն արել է քրեորեն պատժելի ձևով, ու մենք դա կոծկել ենք, եթե այդպիսի բան կա, պետք է դիմենք իրավապահներին, գնանք դրա հետևից ու լուծենք այդ հարցը։ Իսկ եթե այդպիսի բան չկա, ուրեմն ստվերելու վտանգ եմ այդտեղ տեսնում: ԿԲ-ում աշխատում են անբասիր, մաքուր, պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք անում են այս երկրի համար ամենը, ինչ կարող են անել։ Եթե կան դեպքեր, պետք է գնալ դրանց հետևից, ես բացարձակ խնդիր չունեմ, և ոչ մի բանով կաշկանդված չեմ»,- շեշտեց ԿԲ նախագահի թեկնածուն:
Գևորգ Գորգիսյանը նաև կարծիք հայտնեց, որ ԿԲ-ն կրիպտոարժույթներին վերաբերվում է որպես ժանտախտի նման մի բանի և ամեն կերպ փորձում է խուսափել դրանցից:
«Աշխարհը զարգանում է և անխուսափելի է կրիպտոարժույթի հետագա զարգացումը, ի՞նչ տեսլական ունեք այս ոլորտի հետ կապված»,- հարցրեց Գորգիսյանը:
Գալստյանն ասաց, որ պետք է նախ հասկանալ, թե ինչ նկատի ունի պատգամավորն՝ ասելով կրիպտոարժույթ։
«Եթե նկատի ունենք կրիպտոարժույթի խորքում եղած տեխնոլոգիաների կիրառումը, հենց այսօր էլ պատրաստ ենք այդ բլոկչեյնի գործառույթները որոշակի տեխնոլոգիաներում կիրառել:
Օրինակ՝ այն կարող է տեղավորվել վարկային ռեգիստրի գործառույթի մեջ, որն անհատական տվյալների պաշտպանման հավելյալ բուֆերներ կստեղծի»,- մեկնաբանեց Գալստյանը։
Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ կրիպտոարժույթներին, ապա, ըստ նրա, ԿԲ-ն դրանց ժանտախտի պես չի վերաբերվում, բայց կան ռիսկեր, որոնց պատճառով աշխարհի բոլոր ԿԲ-ները խուսանավում են կրիպտոարժույթների մասին ինչ-որ առարկայական բանավեճ ունենալուց:
«Այնտեղ կան թաքնված ռիսկեր, որոնց գնահատման արդյունքում միայն կարող ենք ասել ֆիա՞տ, թե կրիպտո։ Եվ եթե կրիպտո, ապա ի՞նչ տեսքով, ո՞ւմ կողմից թողարկված»,- ասաց նա:
Գևորգ Գորգիսյանը նաև շեշտեց, որ Հայաստանն արդեն մի քանի տարի է խնդիրներ ունի օնլայն վճարման միջազգային համակարգերի հետ։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ այդտեղ ի՞նչ է հնարավոր անել։
Մարտին Գալստյանն էլ արձագանքեց, որ օնլայն վճարումների հետ կապված որոշակի գործողություններ իրականացնում են, բայց այն հավելյալ քննարկման կարիք ունի, որպեսզի հասկանան բոլոր «նյուանսները», որոնք կապված են այդ գործողությունը լավ չանելու կամ դանդաղ անելու հետ։
Հարակից հրապարակումներ`
- Չենք ուզում նորից հետ գնալ այն կետին, որ դանակահարություններ ու սպանություններ լինեն փողի համար. Գալստյան
- Մասամբ պաշտպանում եմ թեզը, որ մենք դատապարտված ենք լինելու ունենալ ցածր գնաճ. ԿԲ նախագահի թեկնածու
- Համոզված եմ, որ մենք հաջողելու ենք. ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյան
- Վարկի փաստացի տոկոսադրույքը պետք է լինի պայմանագրի առաջին էջում տեսանելի գրված. ԿԲ նախագահի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին