Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները դիմել են վարչապետին
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ֆեյսբուքյան գրառմամբ դիմել են վարչապետին։ Ֆեյսբուքյան օգտատեր Էլմիրա Հովսեփյանն իր էջում գրում է.
«Պարոն Նիկոլ Փաշինյան հուսով եմ տեղյակ եք ստեղծված իրավիճակից։
Արդեն 20 օր է ինչ ֆաբրիկան դադարեցրել է աշխատանքը և շուրջ 2500 աշխատակից (ընտանիք) կանգնած է օրվա հացը վաստակելու խնդրի առջև, երկար տարիներ աշխատելով տվյալ գործատուի մոտ և վճարելով ամսեկան միլիոնների հարկեր, չմոռանանք նաև հեղափոխության օրերին մեծ դեր ունենալով հեղափոխությունն իրականանալու գործում մենք բոլորս մեկ մարդու նման եղանք ձեր և ձեր ղեկավարած իշխանության կողքին և այսօր էլ դեռ շարունակում ենք սատարել ձեզ։ Սակայն այսօր մենք և մեր գործատուն կանգնած ենք այս լուրջ խնդրի առջև։
Ես ինձ իրավունք եմ վերապահում աշխատակիցների անունից հանդես գալ և դիմել ձեզ։
Խնդրում ենք շտապ լուծել այս խնդիրը, և կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրի որևէ կետով բյուջեից հատկացնել գումար»։
Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ասել էր, որ մտադիր է ևս 1 ամիս փակ պահել ձեռնարկության դռները, անգամ եթե կառավարությունն ապրիլի 20-ից հետո թույլատրի վերագործարկել հագուստի արտադրությունը։ Նա նշել է, որ միևնույնն է, բազմաթիվ սահմանափակումների պայմաններում անհնար կլինի ֆաբրիկայի աշխատանքը։