Ապրիի 17-ը՝ Մալբեկի համաշխարհային օր
Ապրիլի 17-ը նշվում է որպես Մալբեկի համաշխարհային օր, մի նախաձեռնություն, որը ստեղծվել է «Արգենտինայի գինիների» (“Wines of Argentina”) կողմից` ստանալով Արգենտինայի Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության աջակցությունը, և որի նպատակն է ներկայացնել մալբեկն աշխարհում` ընդգծելով արգենտինական գինեգործության ավանդույթները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Արգենտինայի Դեսպանությունը:
«Առաջին անգամ նշվելով 2011թ. ապրիլի 17-ին` Մալբեկի համաշխարհային օրը նպաստել է այն միջազգայներոն ամենահայտնի ու ամենաշատ մրցանակներ ստացած գինին դարձնելուն: Այն ավելին է, քան պարզապես գինի, քանի որ արտացոլում է Արգենտինայի յուրաքանչյուր շրջանի բնորոշ գծերն ու մեզ համար բացահայտում արգենտինական մշակույթն ու տեսարժան վայրերը:
Ներկայումս մալբեկն Արգենտինայի անվիճելի խորհրդանիշն է: Շնորհիվ Արգենտինայի գինեգործական արդյունաբերության զարգացման` ի հայտ եկավ մալբեկի առանձնահատուկ ներուժը. իր բազմակողմանիությունը, նրբագեղությունն ու շքեղությունը, որով էլ այն դարձավ վերջին քսան տարիների ամենախիզախ նորարարությունների կենտրոնը:
2019թ. Արգենտինան արտահանել է ավելի քան 79 միլիոն լիտր մալբեկ գինի, ինչն Արգենտինայից ամենաշատ արտահանված գինին է, և որը կազմել է 327 միլիոն ԱՄՆ դոլար:
Հայաստանում մալբեկ գինիներ կարելի է գտնել տարբեր սուպերմարկետներում, որտեղ վաճառվում են մալբեկի այնպիսի տարատեսակներ, ինչպիսիք են Terrazas, Doña Paula, Don Cristóbal և Bodega del Fin del Mundo գինիները: Ըստ դեսպանության վիճակագրության, 2019թ. Հայաստանում վաճառվել են 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք մալբեկ գինիներ:
Այս տարի մալբեկին նվիրված միջոցառումներ կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված` դեսպանությունն իր սոցիալական ցանցերի էջերի միջոցով ներկայացրել է Արգենտինական մալբեկի մասին հարուստ տեղեկատվություն, այդ թվում ` Հայաստանում «Bodega del Fin del Mundo» և «Karas Wines» ընկերությունների սեփականատեր և տնօրեն Խուլիանա դել Ագիլա Էռնեկյանի հատուկ ուղերձը, որը հասանելի է հետևյալ հղումով` https://bit.ly/2Kf9btS»,-նշված է հայտարարությունում: